Հասարակություն 

ՄԱԿ-ը դատապարտել է Հունգարիայում միգրանտների նկատմամբ բռնությունները

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը Հունգարիային մեղադրել է Հյուսիսային Եվրոպա մտնել փորձող միգրանտների ՝ այդ թվում կանանց ու երեխաների դեմ բռնություն կիրառելու համար:

Գործակալության ներկայացուցիչը հայտարարել է, որ Հունգարիան միանգամայն իրավասու էր պաշտպանել իր սահմանները, սակայն պետք է միաժամանակ պահպաներ մարդասիրության նորմերը:

Դրա փոխարեն, նրա խոսքով, չորեքշաբթի օրը կարելի էր տեսնել մարմնական վնասվածքներ ստացած երեխաների, որոնցից մի քանիսին բաժանել էին ընտանիքներից, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն էլ իր հերթին հայտնել է, որ պատրաստ է պատնեշ կառուցել Խորվաթիայի ու Ռումինիայի հետ սահմաններին ՝ միգրանտներից պաշտպանվելու նպատակով:

Սերբիայի ու Հունգարիայի սահմանին հարյուրավոր մարդիկ էին խմբվել, որից հետո Հունգարիայի իշխանությունները սահմանի երկայնքով փշալարեր են տեղադրել, որպեսզի թույլ չտան փախստականներին իրենց երկիր մտնել:

Չորեքշաբթի օրը Հունգարիան արցունքաբեր գազ ու ջրանետ սարքեր է կիրառել միգրանտների դեմ ՝ հայտարարելով, որ փախստականների սահմանն անցնելու փորձերի հետեւանքով վիրավորում է ստացել ավելի քան 20 ոստիկան:

Նույն շարքից