Ադրբեջանն ու Չեխիան որոշել են իրենց հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնել։ Համապատասխան փաստաթուղթը երկու երկրների միջև ստորագրվել է Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում։
Չեխիայի նախագահի այցը տեղի է ունեցել Բաքվի և Եվրախորհրդարանի միջև հարաբերությունների սրման ֆոնին, ինչից հետո Ադրբեջանը հարցականի տակ է դրել «Արևելյան գործընկերություն» ծրագրին հետագա մասնակցության հարցը, գրում է Независимая газета-ն։
Ադրբեջանա-չեխական բարձր մակարդակի բանակցությունների մանրամասները հրապարակվել են երկու պետությունների ղեկավարների՝ մամուլի համար արված հայտարարության մեջ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Չեխիան դարձել է Եվրամիության անդամ 8-րդ պետությունը, որի հետ Ադրբեջանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ է ստորագրել:
Փաստաթղթում անդրադարձ կա երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներին, այդ թվում՝ Բաքվի համար ամենացավոտ Ղարաբաղյան հակամարտությանն ու դրա կարգավորման ուղիներին։