Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված Սահմանադրական փոփոխությունների նախագծի ԱԺ քննարկմանը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հիմնական զեկուցող, Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին երեք հարց ուղղեց:
Նա հետաքրքրվեց, թե ինչ կարգավորումներ է նախատեսվում ՀՀ բոլոր քաղաքացիների համար, որոնք պետք է ընտրելու իրավունքից օգտվեն: Նա նաև հարց ուղղեց 89-րդ հոդվածից, որը ԱԺ ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու հնարավորության և նոր դաշինքներ ձևավորելուն է վերաբերում:
«Քարտուղարությանը տրված վերջնական տարբերակում այս հարցերի բացատրությունը չկա, ինչպես է սա կարգավորվելու, եթե հղումներ չկան երկրորդ փուլի անցկացման և նոր դաշինքներ կազմելու համար»,- հարցրեց նա:
Երրորդ հարցը վերաբերում էր ԱԺ խորհուրդ ձևավորելուն, որտեղ, ըստ պատգամավորի, որևէ գործառույթ ու անելիք արձանագրված չէ:
Վարդան Պողոսյանը նշեց, թե որևէ սահմանափակումների հնարավորություն քաղաքացիների ընտրելու հետ կապված, նաև դրսում, չկա, ուղղակի ըստ նրա՝ բոլոր մանրամասները պետք է կարգավորվեն Ընտրական օրենսգրքով:
89-րդ հոդվածի հետ կապված Վարդան Պողոսյանը նշեց, որ, այո, պատգամավորներին տրամադրության տակ եղած փաստաթղթում դաշինքների ձևավորման թույլատրելիության և չթույլատրելիության հարցերը ձևակերպված չեն:
«Մենք երկրորդ փուլը որպես ֆակուլտատիվ ենք նախատեսում, և եթե Ընտրական օրենսգիրքը կկարգավորի երկրորդ փուլը, այնտեղ անդրադարձ կլինի, թե արդյոք թույլատրելի են դաշինքներ առաջին երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերի միջև»,- ասաց նա և հավելեց, թե իր կարծիքով կարող են, որոշակի կոնկրետ չափանիշեր պետք է ամրագրվեն:
ԱԺ խորհրդի գործառույթները, ըստ նրա, սահմանված չեն, և կա միայն ձևավորման կարգը: «Եթե լինեն համապատասխան առաջարկություններ, կլինի ողջամիտ տարբերակը, որ այդ մարմնի հիմնական գործառույթն ամրագրենք»,-ասաց նա: