Հայաստանում սահմանադրական բարեփոխումները քաղաքական գործիչներին համաձայնության գալ կսովորեցնեն։ Այս մասին սեպտեմբերի 17-ին ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ եթե մի կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում մյուսներից շատ, սակայն ամեն դեպքում կեսից ավելի քիչ ձայն է հավաքել, նա ստիպված է լինելու համաձայնության գալ մյուսների հետ եւ կոալիցիա կազմել։ Իսկ եթե առաջին փուլի հաղթողը կորցնի իրականության զգացումը եւ հրաժարվի փոխզիջումներից, մյուսները կարող են միավորվել նրա դեմ։ «Խորհրդարանական կառավարում ունեցող երկրների փորձը ցույց է տալիս, որ անգամ 46-47 տոկոս ձայները առաջին փուլում չեն կարող հաղթանակ երաշխավորել։ Համաձայնության գալ չցանկացող կուսակցություններն հաճախ կոտրած տաշտակի առջեւ են մնում»,- նշեց Պողոսյանը։