Հասարակություն 

Տարոն Մարգարյանը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նոր ղեկավարին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արտակ Հանիսյանին: Վարչական շրջանի նախկին ղեկավար Գեւորգ Ղազարյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն եղել է արդյունավետ ու հաջողված: Քաղաքապետը նաեւ նկատել է, որ վարչական շրջանի առջեւ դրված խնդիրներն անցած երեք տարիների ընթացքում ստացել են համապատասխան լուծումներ, ինչը թիմային կազմակերպված աշխատանքի արդյունք է:

Հաշվի առնելով Արտակ Հանիսյանի` տեղական ինքնակառավարման համակարգում տարիների աշխատանքային փորձառությունը` քաղաքապետը նկատել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարը քաջածանոթ է բնակիչների խնդիրներին եւ համոզմունք է հայտնել, որ պահպանելով տարիների ընթացքում ձեւավորված թիմային աշխատանքի ավանդույթները` նա նոր մոտեցումներով եւ կազմակերպչական ունակություններով կնպաստի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի եւ, առհասարակ, մայրաքաղաքի զարգացման ծրագրերի կյանքի կոչմանը:

«Մեզ համար այսօր կարեւոր է բնակչության կողմից բարձրացված խնդիրներին հետամուտ լինելն ու լուծումներ գտնելը, ըստ այդմ ձեզանից ակնկալում եմ նաեւ էլ ավելի սերտացնել բնակիչների հետ ձեւավորված մշտական կապը: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել նաեւ վարչական շրջանի զարգացման ծրագրերի ուղղությամբ: Առկա խնդիրների լուծման հարցում պետք է համատեղենք մեր ուժերը եւ շարունակենք նախանշված բոլոր ծրագրերի իրականացումը: Ու մեր աշխատանքով պետք է կարողանանք բարեկարգ եւ հարմարավետ միջավայր ապահովել մեր բնակիչների համար»,- ընդգծել է քաղաքապետը:

Բնակիչների հետ հետադարձ կապի ապահովման ու բնակչությանը հուզող հարցերին տեղում ծանոթանալու համար Տարոն Մարգարյանն առանձնակի կարեւորել է նաեւ բակային տարածքներ պարբերական այցելությունների ու հանդիպումների ապահովումը՝ ընդգծելով, որ այս աշխատակարգն ապացուցել է իր արդյունավետությունը:

Նույն շարքից