Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը նշեց, որ համաձայն կատարված հետազոտությունների` չկան նշաններ, որ Հայաստանի տարածքում սպասվում է ուժգին երկրաշարժ:
Նրա տեղեկացմամբ` 2015 թվականի ընթացքում տարածաշրջանում գրանցվել է 644 երկրաշարժ. «Երկրաշարժների մեծ մասը գրանցվում են սարքերի կողմից, բայց մարդիկ չեն զգում»:
Վերջին տարիներին սեյսմիկ ակտիվության առումով ամենաբարձր ցուցանիշներ են գրանցվել 2011 թվականինին, երբ շուրջ 212 երկրաշարժ է. բոլորը 6 մագնիտուտով` ըստ Ռիխտերի սանդղակի: Այս տարի դեռևս 84 երկրաշարժ է տեղի ունեցել:
Բանախոսներից Գուրգեն Ամալյանն էլ, ով Շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետն է, նշեց, որ Հայաստանում պետք է նախապատրաստվել երկարաշարժերին․
«Իմ կարծիքով մեր ազգաբնակչության համար ավելի կարևոր է այն ինֆորմացիան, որ մենք գտնվում ենք բարձր սեյսմիկ վտանգի գոտում։ Նախապատրաստվելը՝ փաստաթղթային առումով ահռելի գործ է արվել պետական մակարդակով, գործնական մակարդակով՝ իրականում կատարվել է միայն հյուսիսային շրջաններում, որտեղ պետք է ակամայից վերականգնեին փլուզված շենքերը»։
Խոսելով Հայաստանում շենքերի սեյսմակայունության մասին, Գուրգեն Ամալյանը կարծիք հայտնեց, որ շենքերի մեծ մասը սեյսմակայուն չեն․
«Հայաստանում կարող է լինել 9 և բարձր ուժգնությամբ երկրաշարժ, շենքերը սեյսմակայուն չեն, գերակշռող շենքերի մասին է խոսքը, որովհետև այդպես են նախագծվել և կառուցվել։ Եթե հաշվի առնենք մնացած հանգամանքները, որ շենքերը 50-60 տարում նաև ունեն զգալի ֆիզիկական մաշվածություն և շահագործման ընթացքում ենթարկվում են բազմաթիվ խոշտանգումների բնակչության կողմից, ապա ակնհայտ է դառնում, որ խոցելի են շենքերի զգալի մասը»։