Քաղաքական Միջազգային Հասարակություն գլխավոր Մամուլի տեսություն 

Որքան էլ հեղափոխականները «արդար» լինեն իրենց պայքարում, ցանկացած նման ակցիա իրականում մեզ առաջ չի տանում. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Սադամի, Քադաֆիի, Ասադի ռեժիմները բռնապետական էին: Իսկապես բռնապետական՝ առանց այլընտրանքային քաղաքական հոսանքների եւ լրատվամիջոցների, մարդկանց «անհետացումներով» եւ զանգվածային խոշտանգումներով: Բայց այդ ռեժիմների տապալումից հետո ի՞նչ է տեղի ունենում այդ երկրներում. մի՞թե անիշխանությունն ու քաոսը երջանկացրեցին բնակիչներին, մի՞թե հիմա այնտեղ մի քանի տասնյակ անգամ ավելի շատ մարդ չի զոհվում, քան բռնապետության ժամանակ:

Դրանից, իհարկե, պետք չէ եզրակացություն անել, որ բռնապետությունը լավ եւ հանդուրժելի բան է, պարզապես, եթե հետեւենք, թե ինչպես, ինչ եղանակով են այդ ռեժիմները տապալվել, մարդկային ինչ սարսափելի տառապանքների է դա բերել, մտածում ես՝ գուցե ավելի լավ է՝ բռնապետություն մնար: Հայաստանում (Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, ինչպես նաեւ, օրինակ, Վենեսուելայում, Բոլիվիայում եւ տասնյակ այլ երկրներում) ռեժիմը բռնապետական չէ, բայց, իհարկե, նաեւ ժողովրդավարական չէ:

Եղել են եւ շարունակվում են փորձերը՝ կտրուկ փոփոխություններ իրականացնել այս կամ այն «ակցիայի» միջոցով՝ սկսած 88-ին մարդկանց «Զվարթնոց» օդանավակայան ուղարկելուց (որի պատճառով մի երիտասարդ մահացավ), ԳԽ նախագահ Հրանտ Ոսկանյանի գլուխը ջարդելուց, շարունակած 96-ին ԱԺՄ-ականների՝ Ազգային ժողով ներխուժելով եւ վերջացրած օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելով: Գիտեմ, որ ամեն մեկն ունի իր արդարացումը, իրադարձությունների իր մեկնաբանությունը եւ այլն: Բայց իմ ընկալմամբ՝ որքան էլ համակրելի լինեն հեղափոխականները, որքան էլ նրանք «արդար» լինեն իրենց պայքարում, ցանկացած նման ակցիա իրականում մեզ առաջ չի տանում»:

Մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից