Այսօր՝ սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրող Սամվել Հակոբյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետություն պատմական հանրագիտարան» 11 հատորանոց հանրագիտարանը, որն ամփոփված է մեկ գրքում:
Հեղինակը հայտնեց, որ հանրագիտարանում ներառված են ՀՀ բոլոր մարզերի բնակավայրերը՝ իրենց պատմամշակութային միջավայրով ու պատմությամբ: Գրքում ներառված են նաև Արցախի պատմամշակութային հուշարձանների մասին տեղեկություններ: Հանրագիտարանը եռալեզու է՝ անգլերեն, ռուսերեն ու հայերեն:
«Հուշարձանների բոլոր լուսանկարներն իմ հեղինակային նկարներն են, միայն մի քանի լուսանկարներ կան, որ իմը չեն, բայց նշված է հեղինակի անունը»,- ասաց նա։
Սամվել Հակոբյանի խոսքով՝ գրքերը հանձնելու են կրթօջախներին, ՊՆ-ին ու Արցախի ՊԲ-ին՝ զորամասերում տարածելու համար:
«Երեսուն տարի շարունակ աշխատել եմ գրքի վրա՝ հավաքագրելով ամբողջ տեղեկատվությունը, հուշարձանների լուսանկարները: Գրքում քսան հազարից ավելի հուշարձան է ներառված, ավելի քան տասը հազար լուսանկար»,- ավելացրեց նա: