Հայաստան Քաղաքական 

Այսօր հասարակության 99 տոկոսը փոփոխությունների պահանջ ունի. Աղվան Վարդանյան

Այսօր ԱԺ նիստում շարունակվում էր սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը իր խոսքում նշեց, որ այսօր հասարակության 99 տոկոսը փոփոխությունների պահանջ ունի, բայց տարբեր են այդ փոփոխությունների բովանդակության վերաբերյալ պատկերացումները, հետևաբար,  դժվար է պատկերացնել, որ բոլորը կարող են նույն ընկալումն ունենալ իրականության վերաբերյալ:

Պատգամավորը կարևորեց սահմանադրական հանձնաժողովի կատարած հսկայածավալ աշխատանքը, որի արդյունքում հրապարակվել են երկու հայեցակարգերն ու նախագիծը:

«Գրեթե համոզված եմ, որ երբ նախագահը նախաձեռնում էր սահմանադրական փոփոխությունները, ավելի հակված էր կիսանախագահականը կատարելագործելուն, քան խորհրդարանականին անցնելուն: Եվ հանձնաժողովի ամենակարևոր աշխատանքը ներկա համակարգի ճշգրիտ ախտաճանաչումն էր, այն է՝ իշխանության գերկենտրոնացում, լիազորությունների և պատասխանատվության անհամարժեքություն, ընտրություններով իշխանափոխության անհնարինություն, ոչ միայն տնտեսության, այլև քաղաքականության ստվերայնություն, ոչ թե հրապարակային, այլ միջանձնային, տարբեր միջկուսակցական հարաբերությունների մակարդակում որոշումների կայացում և դատական համակարգի կախյալություն»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նույն շարքից