Բարի օր Մշակույթ 

Ընթերցանության ժամ. Սլավիկ Չիլոյան

analitik.am
ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՂՆ Է
Սիրելը մեծ բան չէ.
ուղղակի
պետք է խորհրդակցել.
Իսկ խորհրդակցությունը
Մի օր կավարտվի,
երբ լռությունը կխփի ուսիդ
ու կասի՝
գնա՜նք:
ՊՈԵՏ ԷԻՆ ՆՐԱՆՔ
Պոետ էին նրանք.
անտառից փախած
արջերի նման՝
վայրի ոռնոցով
ու մռլտոցով
խուժեցին քաղաք,
հաստափոր ու կիրթ
մարդիկ խլացան,
տիկիններ կորան
այդ օրն աշխարհից.
պոետ էին նրանք:
Պոետ էին նրանք.
բամբասող ու չար
շների նման
հաչում էին այստեղ,
հաչում էին այնտեղ,
հաչում ամենուր՝
մի հոտած մսի
պատառի համար,
նույնիսկ այն պահին,
երբ առիթ չկար.
պոետ էին նրանք:
Պոետ էին նրանք.
ոչխարների պես
անմահ Հիսուսի՝
գայլի փարախում
նրանք ծնվեցին,
վերջին մայոցով
լուռ հոշոտվեցին.
պոետ էին նրանք:
Պոետ էին նրանք.
ամեն գիրկ ընկնող
պոռնկուհու պես
ընկնում էին, ելնում՝
շրթներին ժպիտ,
ջրում ցոլացող
փրփուրների պես,
իսկ մենակ պահին
լացում էին խեղճ,
լացում էին լուռ՝
Մագթաղինացու
աչքերով տխուր.
պոետ էին նրանք:
ԱՐԳԵԼՔ

Մենք համբուրվում էինք
ու այնքան պինդ,
որ օրենքը նկատեց.
մարդիկ հավաքվեցին,
որոնց
չորս պատից դուրս
համբուրվել չէր տրված.
ու մեր համբույրը
դատարան տարան:


*
Ութ տարեկան փոքրիկ աղջիկ
ինչպես սիրեմ
դնեմ ծնկիս
ու օրորեմ քեզ բառերով
բայց օրորս
ինչ քուն բերի
ութ տարեկան դու մեծ աղջիկ
երբ ներկված թարթիչներիդ
տակ թաքնված հրապուրիչ
ու խորամանկ մի հայացքով
դարձա ես կով
ու բառաչս ձգվեց երկար
այս մարդկության
նախրքաշում
*
Եկա, տեսա, հաղթեցի:
Ժասմենին
Մի փոքր
մի փոքր էլ սպասեք
ձեր սիրտը անչափ
արագ է խփում
ձեր սիրտը
նորմալից դուրս է
ձեր սիրտը
ինձ դուր է գալիս
մի փոքր էլ սպասեք
և այդպես
հիվանդի
ճակատին
դիզվեց
բժշկի խոսակցություն
թաց ու խոնավ
շնչառությունը
ու կաթիլ-կաթիլ
քրտինք դարձած
սառը գլորվեց
նրա երեսից:
RONDO
Դու լույսի մեջ
ես մթան
դու ինձ երբեք չես տեսնում
գնում եմ ես գլխիկոր
գլխի
գլխի
գլխիկոր
Ես լույսի մեջ
դու մթան
ես քեզ երբեք չեմ տեսնում
գնում ես դու գլխիկոր
գլխի
գլխի
գլխիկոր
Ես լույսի մեջ
դու լույսի
բնավ իրար չենք տեսնում
ու գնում ենք գլխիկոր
գլխի
գլխի
գլխիկոր
*
Դու լաց մի լինի,
ճամփա եմ ելել,
ես տեղ եմ գնում
մի քանի օրով.
դու լաց մի լինի,
ես ետ կդառնամ
նույն ճանապարհով
ու երբ կծագի
արև քեզ համար,
հավատա դու ինձ,
այդ ես եմ, որ կամ
արևի տեսքով.
իսկ երբ լուռ կընկնի
խաղաղ երեկոն,
ու դուրս կլողա
երկրի այն կողմից
մահիկը լուսնի`
հավատա դու ինձ,
այդ ես եմ, որ կամ
լուսնյակի տեսքով.
դու լաց մի լինի,
երբեք մի տխրի,
ինչպես տեսնում ես
քեզ մոտ եմ ես միշտ:

Նույն շարքից