Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր ոստիկանությունում տեղի ունեցած ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների քննարկման ժամանակ առաջարկել է արագ ձևավորել աշխատանքային խմբեր, որոնք կընդգրկեն բարեփոխումների բոլոր ոլորտները՝ սկսած երթևեկության կանոնների խախտման համար կազմված ակտերի բողոքարկման ու վերանայման գործընթացի դյուրացումից մինչև տաքսիների կայանատեղերի հատկացումն ու գերատեսչությունների միջև օպերատիվ տեղեկատվության փոխանակման խնդիրները: Այս մասին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանապետն առաջարկել է, մինչ միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը աշխատանքի համակարգումը վստահել ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանին և կրկին ընդգծել է հանրապետության Նախագահի հանձնարարականներով նախատեսված խնդիրների արագ ու լիարժեք իրականացման կարևորությունը:
Քննարկմանը մասնակցել են ոստիկանության, արդարադատության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, տրանսպորտի և կապի, ֆինանսների նախարարությունների, Նախագահի վերահսկողական ծառայության, Կենտրոնական բանկի, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ԱՊՊԱ բյուրոյի, «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ, «Աքիլես» և «Վարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: