Հասարակություն 

Երուսաղեմում նոր բախումներ են գրանցվել իսրայելական իրավապահների ու պաղեստինցիների միջեւ

Իսրայելի իշխանությունների խիստ միջոցառումները Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում ուրբաթօրյա աղոթքից առաջ անկարգությունների պատճառ են դարձել: Այս մասին հայտնում է «Ալ-Մանար» հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ իսրայելական իշխանությունները թույլ են տվել մզկիթ մտնել միայն 40 տարեկանից բարձր հավատացյալներին: Ի պատասխան՝ երիտասարդությունը փորձել է գրոհել ոստիկանական արգելափակող ջոկատները, ինչի հետևանքով կրկին բախումներ են սկսվել:

Բաբ-Ամուդ թաղամասում կիրառվել են արցունքաբեր գազով նռնակներ՝ հավաքվածներին ցրելու համար:

Առավոտից հազարից ավելի իրավապահներ են տեղակայվել Տաճարի լեռան վրա՝ հայտնում է «Մաան» գործակալությունը: Հին քաղաքն ամբողջովին արգելափակված է, փողոցներում պարեկություն է անում հեծյալ ոստիկանությունը:

Հինգշաբթի տաճարի համալիրից հարավ՝ Սիլուան թաղամասում, արաբները դյուրավառ նյութով շշեր են նետել ոստիկանական ավտոմեքենաներից մեկի վրա:

Արաբների և իսրայելցի ոստիկանության միջև մի քանի օր շարունակվող բախումների հետևանքով մզկիթի տարածքում վնասվածքներ են ստացել տասնյակ պաղեստինցիներ:

Նույն շարքից