Սեպտեմբերի 19-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ հրաձգարանի բացում` Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը եւ ՊՆ պաշտոնատար մի շարք անձինք:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց հաշվետվություն 2014-2015 ուստարում ՊՆ-ի հետ համատեղ ՀՊՏՀ ուսխորհրդի կազմակերպած միջոցառումների եւ բուհում ստեղծված «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբի գործունեության վերաբերյալ:
Դրան հաջորդեց զոհված ուսանող-ազատամարտիկներին նվիրված երգի եւ տեսահոլովակի շնորհանդեսը: Երգը ստեղծվել է նույն բուհի ուսանողների կողմից:
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով ուսանողներին եւ բուհի պրոֆեսորադասախոսական կազմին, շնորհավորական խոսք ուղղեց հայ հասարակությանը` Անկախության տոնի կապակցությամբ: Նախարարը խոսեց 2014 թ.-ի ընթացքում ունեցած ձեռքբերումներից, ՀՀ ՊՆ եւ ԿԳՆ համագործակցությունից:
«Այսպիսի միջոցառումները մեծ նշանակություն ունեն, քանի որ մենք բանակ-հասարակություն կապի շրջանակներում ամրապնդում ենք զինվորական կառույցների եւ ուսումնական հաստատությունների միջեւ կապը»,- նշեց նախարարը:
Հաջորդիվ ուսանողների կողմից երկրի ներկա ռազմական դրության եւ բուհերի հետ ՊՆ հետագա համագործակցության հնարավորությունների վերաբերյալ հնչեցին հարցեր` ուղղված Նախարարին:
Միջոցառման ավարտին ՀՊՏՀ որոշ ուսանողներ եւ պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ ՀՀ ՊՆ կողմից պարգեւատրվեցին Վազգեն Սարգսյանի եւ Ծովակալ Իսակովի անվան հուշամեդալներով, իսկ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը բուհի կողմից հուշանվեր հանձնեց Նախարարությանը: