Համամասնական ցուցակով ԱԺ-ում հայտնված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի (մականունը՝ Յուվեցի Կարո) և նրա հարազատների անունները տարբեր քրեական պատմություններում են հոլովվում, որոնցից ամենախոցելի դիրքերում պատգամավոր Արթուր Զադոյան-Յուվեցի Կարո գործում է: Նշված գործով Յուվեցի Կարոյին տուժողի կարգավիճակ են տվել, բայց քրեական գործի բոլոր նյութերով և դատաքննությամբ ապացուցվում է, որ նա ամբաստանյալի աթոռին պետք է լիներ:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Յուվեցի Կարոն իր որդուն հապշտապ ամուսնացնում է՝ հարսանիքի արարողությունն օգտագործելու և նշված գործով իր համար բարենպաստ ելքի «դաբրո» ստանալու համար: Այս տեղեկությունը իրական լինելու հիմքեր ունի, քանի որ Յուվեցին հաշվարկված ամուսնությունների և դրանցից օգուտ քաղելու փորձ արդեն ունի: Իր մյուս որդուն ամուսնացնելով բիզնեսմենի դստեր հետ ՝ որոշ ժամանակ անց խնամու ձեռքից խլեց նրան պատկանող յուղման կետը՝ խոստանալով, որ նրան մեկ այլ տեղում յուղման կետ կտա, բայց այդպես էլ չկատարեց խոստումը: Նախորդը փաստացի շահեկան ամուսնություն էր Յուվեցի Կարոյի համար:
Իսկ ի՞նչ շահ ունի Կարոն այս հարսանիքից: Այս դեպքում հարսը հարուստ չէ, բայց ավելի կարևոր են հարսանիքին հրավիրված մարդիկ, որոնց միջոցով Կարոն փորձելու է լուծել արդարադատության հետ ունեցած խնդիրները: Անչափ հետաքրքիր է՝ նշված գործը քննող դատավորը կմասնակցի՞ հարսանիքին, թե՞ ոչ, մանավանդ, որ խոսքը իր վարույթում գտնվող գործի մասին է, որի քննության ընթացքում նա բավականին թանկարժեք մեքենա ձեռք բերեց, ինչի կապակցությամբ մենք նաև շնորհավորել ենք դատավորին:
Փաստորեն, Յուվեցի Կարոն կատարել է իր թալիսմանի դերը դատավորի համար: