Հայաստան Քաղաքական գլխավոր 

Պարգևատրման արարողություն նախագահի նստավայրում՝ ՀՀ անկախության 24-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, սպորտի, արվեստի եւ մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգեւատրվել են պետական բարձրագույն պարգեւներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաեւ այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ:

Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների եւ հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պարգեւները: Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլոր պարգեւատրվածներին տոնի եւ պետական բարձր պարգեւներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Անկախության տոնի առթիվ պարգեւատրման արարողության ժամանակ

Սիրելի՛ բարեկամներ,

Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Հաճույքով շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի եւ մեր երկրի բարձր կոչումներին ու պարգեւներին արժանանալու կապակցությամբ:

Պետական պարգեւներ հանձնելու արարողությունները սովորաբար տեղի են ունենում կարեւոր տոների կապակցությամբ: Անկախության տոնը նվիրական է եւ լուսավոր այնպես, ինչպես անկախության սերունդն է, որին փոխանցելու եք ձեր ասպարեզներում նվաճած բարձունքները:

Մենք բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ անխախտ առաջընթացի համար անհրաժեշտ է ճանաչել, գնահատել եւ խրախուսել արժանավորներին: Մեր պետության հիմքում պետք է ամրապնդենք արդարության սկզբունքը, որպեսզի ի վիճակի լինենք լավն ու բարին տարանջատել վատից ու չարից:

Այստեղ ներկա են մեր երկրի ու հասարակության արժանավոր շատ զավակներ: Այս պարգեւները ձեր ազնիվ, արգասաբեր աշխատանքի եւ ծառայության համար մեր ժողովրդի երախտագիտությունն արտահայտելու լոկ խորհրդանշական միջոց են: Չեմ կասկածում, որ բոլոր նվիրյալների ժամանակն էլ գալու է, եւ պարգեւները գտնելու են մյուս արժանավորներին:

Սիրելի՛ բարեկամներ,

Մենք երախտապարտ ենք տարբեր ոլորտների այն ներկայացուցիչներին, որոնք իրենց աշխատանքով, հետեւողականությամբ, ստեղծագործական անսպառ եռանդով եւ ապագայի նկատմամբ հավատով առաջ են մղում մեր հասարակությունն ու երկիրը:

Այստեղ առկա ջերմությունը պետք է նոր լիցքեր հաղորդի բոլորիս, որպեսզի նոր ուժով լծվենք աշխատանքի: Այդ լիցքերը մենք պարտավոր ենք ոչ միայն կրել, այլեւ փոխանցել մեր ընտանիքներին, հարազատներին եւ բարեկամներին, որպեսզի դրանով տոգորվի մեր ողջ հասարակությունը:

Կրկին շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգեւներին ու կոչումներին արժանանալու առթիվ: Մաղթում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին քաջառողջություն, երջանկություն, նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ:

Շնորհակալություն:

Նույն շարքից