Կաշառք ստանալու պահին կալանավորված՝ Երեւանի պետական Համալսարանի ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի ավագ տեսուչ Արթուր Աճեմյանի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Աճեմյանը ԵՊՀ-ի ուսանող Կարեն Սարգսյանին հայտնել է, որ պայմանավորվածություն ձեռք կբերի, որ քննություն ընդունող դասախոսները Կարեն Սարգսյանի քննությունները դրական կգնահատեն: Աճեմյանը ուսանողից պահանջել եւ ստացել է 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, սակայն չի հասցրել հափշտակել գումարը, քանի որ բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Արթուր Աճեմյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նա կալանավորված է:
Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: