Բեռլինում տեղակայված Transparency International միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է 2013թ.«Կոռուպցիայի ընկալման ինդեքս»-ը (Corruption Perceptions Index - CPI):
«Կոռուպցիայի ընկալման ինդեքս»-ը իրենից ներկայացնում է հարցումների կոմբինացիա և հիմնվում է կոռուպցիայի ոլորտին վերաբերող տվյալների վրա, որոնք հավաքում են տարբեր կազմակերպություններ: Այն երկրները դասակարգում է ըստ պետական ոլորտում կոռուպցիայի մակարդակի՝ 0-ից (կոռուպցիայի ամենաբարձր մակարդակ) մինչև 100 միավոր (ամենացածր մակարդակ): Այս տարի հետազոտությանը մասնակցել է 177 պետություն:
CPI-ի տվյալներով՝ պետական ոլորտում կոռուպցիայի ամենացածր մակարդակը գրանցվել է Դանիայում և Նոր Զելանդիայում, որոնք ստացել են 91 միավոր: 89 միավոր ցուցանիշով երրորդ հորիզոնականը կիսում են Ֆինլանդիան և Շվեդիան:
Հայաստանը CPI-ի ինդեքսում 36 միավորով զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը: Նշենք, որ 2012թ. Հայաստանը գտնվել է 105-րդ հորիզոնականում՝ 34 միավորով:
Վրաստանը CPI-ի ինդեքսում զբաղեցրել է 55-րդ հորիզոնականը (49 միավոր), Թուրքիան գտնվում է 53-րդ հորիզոնականում (50 միավոր), Իրանը՝ 144-րդ (25 միավոր), իսկ Ադրբեջանը և Ռուսաստանը կիսում են 127-րդ հորիզոնականը (28 միավոր):
Ընդհանուր առմամբ CPI-ի ինդեքսում ներառված 177 պետություններից 2/3-ը հավաքել է 50 միավորից քիչ, ինչը վկայում է պետական ինստիտուտներում թափանցիկության աստիճանը բարձրացնելու անհրաժեշտության մասին:
«2013թ. կոռուպցիայի ընկալման ինդեքսը ցույց է տալիս, որ բոլոր երկրները դարձյալ բախվում են կոռուպցիայի սպառնալիքին կառավարման բոլոր մակարդակներում»,- ընդգծել է Transparency International-ի կառավարման նախագահ Ուգեթ Լաբելը: