Հասարակություն 

Հալեպում ՀՀ հյուպատոսն այցելել է ազգային ծերանոց եւ պատսպարան

Սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գեւորգյանն այցելեց Հալեպի հայ ծերանոց: Ծերանոցի տնօրենի, խնամակալության խորհրդի անդամների եւ Հալեպի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն ուղեկցությամբ Տիգրան Գեւորգյանը շրջեց ծերանոցով եւ զրուցեց այնտեղ ապաստանած տարեցների հետ՝ հետաքրքրվելով նրանց կարիքներով եւ մտահոգող հարցերով:

Գլխավոր հյուպատոսը ներկաներին շնորհավորեց ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ եւ վստահեցրեց, որ սիրիահայության, մասնավորապես սոցիալապես առավել խոցելի խավերի՝ ծերերի եւ մանուկների խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ իշխանութունների ուշադրության կենտրոնում:

Տիգրան Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց ծերանոցի աշխատակիցներին իրենց անձնվեր աշխատանքի համար:

Նույն օրը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելեց հայ ազգային պատսպարան (մանկատուն): Տիգրան Գեւորգյանը պատսպարանի սաներին շնորհավորեց նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ ուսման մեջ, իսկ տնօրինությանը վստահեցրեց, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության եւ պատսպարանի համագործակցությունը ապագայում նույնպես շարունակվելու է:

Հանդիպման ընթացքում գլխավոր հյուպատոսը եւ պատսպարանի տնօրինությունը քննարկեցին դպրոցական արձակուրդներին երեխաների հանգիստը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը:

Հայ ծերանոց եւ պատսպարան այցելության ընթացքում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գեւորգյանը երկու հաստատությունների տնօրինություններին հանձնեց հայազգի բարերար Վարդան Սերմաքեշի կողմից կատարված դրամական նվիրատվությունը:

Նույն շարքից