Հասարակություն 

Հազարավոր միգրանտներ ԵՄ են ժամանում սիրիական կեղծ անձնագրերով

Հազարավոր միգրանտներ Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներից ԵՄ են ժամանում սիրիական կեղծ անձնագրերով: Այս մասին հայտնում է The Daily Telegraph թերթը:

Պարբերականի թղթակիցը պարզել է, որ անհրաժեշտ փաստաթուղթը կարելի է ստանալ Facebook սոցցանցի արաբական տարբերակի խմբերից մեկի էջում նշված հեռախոսահամարով համապատասխան հայտով դիմելով:

Եգիպտոսը լքած ներկայացած լրագրողի զանգին ի պատասխան՝ Մոդարա Ալնաբվանի անունով մաքսանենգն «առաջարկել է 2000 ֆունտ սթեռլինգով կազմակերպել սիրիական կեղծ անձնագրով Թուրքիայից Հունաստան գնալը»,- հայտնում է պարբերականը:

Ենթադրվել է, որ «փախստականն» ինքնուրույն Ստամբուլ կժամանի, որտեղից նրան ավտոմեքենայով կտանեն թուրքական Իզմիր նավահանգիստ, հետո՝ ռետինե նավակով՝ հունական Լեսբոս կղզի:

Այդ ծառայությունները մասերի բաժանելու դեպքում կստացվի՝ տեղափոխումը կարժենար 800 ֆունտ՝ յուրաքանչյուր մեծահասակի համար, մինչև 10 տարեկան երեխայի տեղափոխումը՝ այդ գնի կեսը: Սիրիական կեղծ անձնագրի արժեքը տատանվել է 1,5-2 հազար դոլարի սահմանում: Ճիշտ է, մաքսանենգը զգուշացրել է, որ չի երաշխավորում, որ կեղծիքը չեն հայտնաբերի:

Հոդվածի հեղինակի խոսքով՝ այլ փոխադրողներ ավելի վստահ են կեղծ անձնագրերի որակի հարցում, քանի որ հասանելիություն են ստացել Սիրիայում կառավարական շենքերից գողացված փաստաթղթերի բլանկներին:

Պարբերականի պնդմամբ՝ «հազարավոր կեղծ փաստաթղթեր ազատ շրջանառության մեջ են Թուրքիայում և ԵՄ տանող այլ ճանապարհներին»:

Թերթի աղբյուրներից մեկն էլ հայտնել է, որ իրաքցիները սիրիական անձնագրեր են վաճառում Ստամբուլում գաղտնի վայրերում 200-300 եվրոյով:

Նույն շարքից