«Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում ծեծի ենթարկված «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սմբատ Հակոբյանի գործից: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ազատամարտիկին Երևանի կենտրոնում ծեծի են ենթարկել անձնական խնդիրների պատճառով: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը մասնակցել էր «Հայազն» կուսակցության ինքնիշխանության երթին: Երթի ավատին ՀՀԿ գրասենյակի մոտ իր տեսակետն է հայտնել երկրում տիրող իրավիճակի մասին, իսկ ահա ավելի ուշ, երբ բողոքի ակցիան ավարտվել է, ազատամարտիկը քայլելիս է եղել Աբովյան փողոցով, նրան են մոտեցել 5-6 հոգի եւ ծեծի ենթարկել: Ազատամարտիկին տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նա ստացել էր քթի եւ դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդեր, կրծքավանդակի փակ վնասվածք, 8-րդ կողի կոտրվածք, գլխի վերքին դրվել էր 6 կար: Նրա վիճակը կայուն է:
Մեկ տարի անց հերթական ծեծը
Եթե «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եզիազարյանի եւ Ռազմիկ Պետրոսյանի դեպքում ծեծը պայմանավորված էր Սերժ Սարգսյանին հայհոյելու հանգամանքով, իր մեջ քաղաքական դրդապատճառ ուներ, ապա արդյո՞ք Սմբատ Հակոբյանի հետ տեղի ունեցածը եւս քաղաքական հիմքեր ունի: Տեղեկացնենք, որ երեկ ազատամարտիկը հայտնել է, որ ճանաչել է իրեն ծեծի ենթարկողներից մեկին՝ ոմն Տիգրանի, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է: Ռուբեն Հայրապետյանն էլ, անդրադառնալով տեղեկություններին, ասել էր, թե ազատամարտիկը քաղաքական պատվեր է կատարում եւ զրպարտում է իրեն: Ավելին՝ ըստ նրա՝ ինքը Տիգրան անունով թիկնազորի անդամ չունի:
Մանրամասն` armlur.am