Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանին: Նրան ուղեկցել են Հայաստանում, Վրաստանում եւ Արեւելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը: Սա նորընտիր Պատրիարքի առաջին այցելությունն էր Հայաստան եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքը բերեց Գրիգոր-Պետրոս Ի Պատրիարքին ընտրության ու գահակալության առիթով` մաղթելով նրան արգասավոր ծառայություն:
Իր խոսքում Նորին Սրբությունը գնահատանքով ընգծեց, որ վերջին տարիներին Հայաստանյայց Առաքելական եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջեւ հարաբերությունները վերելք են ապրում եւ հատկանշված են սերտ համագործակցությամբ:
Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ հիշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիկոս Պապի կողմից ապրիլի 12-ին Վատիկանի Ս. Պետրոսի տաճարում մատուցված սրբազան Պատարագի արարողությունը եւ Պապի կողմից հնչեցված ուղերձը` միտված մարդկության կյանքում նորանոր ոճիրների եւ ցեղասպանությունների կանխարգելմանը: Նորին Սրբությունը հաստատեց, որ համաշխարհային զարգացումների արդի պայմաններում Եկեղեցիներն արդարության ճանապարհ կարող են հարթել միմիայն համատեղ ջանքերով, փոխադարձ աջակցությամբ եւ աղոթքով:
Զրույցի ընթացքում Գրիգոր-Պետրոս Ի Պատրիարքը նշեց, որ պիտի ջանա ուժերի ներածին չափով իր հոգեւոր փորձառությունը ծառայեցնել ի շահ իր հոտի, ինչպես նաեւ զորացնել հարաբերությունները Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հետ: