Այսօր Անալիտիկ մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ իսլամական պետությունը լուրջ վտանգ է ներկայացնում նաև Հայաստանի համար:
«ՀՀ-ն նրանց մոտ ընդգրկված է՝ որպես խալիֆաթի տարածք, Իսլամական պետությունը չի ճանաչում Հայաստան պետությունը, ինչպես նաև Վրաստանը և մի շարք այլ երկրներ: Հայաստանի համար Իսլամական պետությունը վտանգավոր է նաև այն պատճառով, որ այն հովանավորվում է Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից»:
Իսլամական պետության ձևավորման հետ կապված Եղիազարյանն ասաց, որ ամեն ինչ սկսվել է Իրաքից, որը պատերազմից հետո բաժանվեց երեք մասի՝ սուննիների, շիաների և քրդերի միջև:
«Սա մտավախության տեղիք տվեց Թուրքիային, քանզի այն կարծում էր, որ քրդերը կարող են Քրդստան ստեղծելու պահանջներ ներկայացնել, ուստի Թուրքիան սկսեց զինալ Իսլամական պետությանը: Ամենայն հավանականությամբ, ի սկզբանե այն ձևավորվել է ԱՄՆ-ում, ինչպես Բեն Լադենի դեպքում էր, սակայն հետո արդեն ԱՄՆ վերահսկողությունից դուրս է եկել: Իսլամական պետության թշնամիների ցուցակի առաջին տեղում Իրանն ու Իսրայելն են, որից հետո արդեն Հայաստանը»:
Ըստ Եղիազարյանի Իսլամական պետության, այսպես ասած, խալիֆի հետ աշխատում է Թուրքիայի ԱԳՆ-ն, քանզի կիսագրագետ մարդը չէր կարող անվտանգության պայմաններ ստեղծել իր համար:
«՛Խալիֆը երեք օրից ավել նույն տանը չի բնակվում, հեռախոս, համակարգիչ, ոչ մի տեխնիկա չունի, ուստի անհնար է նրան հետևել: Այս ամենը վկայում է նրա մասին, որ խալիֆի հետ լրջորեն աշխատում են հատուկ ծառայությունները՝ մասնավորապես Թուրքիայի ԱԳՆ-ն»:
«Հայաստանը պետք է շատ աչալուրջ լինի: Այս պահի դրությամբ տարածաշրջանում մեր միակ դաշնակիցն Իրանն է, որը նույնպես հետաքրքրված է Իսլամական պետության ոչնչացմամբ: Պետք չէ թեթև նայել հարցին, Իսլամական պետությունը լուրջ վտանգ է ներկայացնում իրենից՝ առավել ևս Հայաստանի համար, քանզի շատ մոտ է մեզ և ինչպես նշեցի հովանավորվում է Թուրքիայի կողմից: Ամեն վարկյան կարող են հարձակվել, նրանք ունեն ժամանակակից զինատեսակներ, ուստի ՀՀ-ն գրավելը մի քանի րոպեի հարց է: Հայաստանն իր անվտանգությունն ապահովելու համար պետք է պաշտպանության ոլորտում լուրջ ներդրումներ անի, ինչի համար մեզ պետք է ամբողջ հայության աջակցությունը»:
Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա Եղիազարյանը նշեց, որ Եվրոպան նույնպես վտանգված է:
«Մերկելն ասում է 60 մլրդ դոլար տրամադրենք փախստականներին՝ չհասկանալով, որ այդ փախստականների մեջ կան հազարներով ահաբեկիչներ: Ասում են, թե Եվրոպայում 508 մլն մարդ է ապրում, այդ 10 000 ահաբեկիչն ի՞նչ պետք է անի: Իրականում մեկ ահաբեկիչը հարյուրավոր մարդկանց կյանք կարող է խլել: Այդ գումարները պետք է տրամադրվեն ոչ թե փախստականներին, այլ Իսլամական պետություն չարիքի ոչնչացմանը, խաղաղություն հաստատեն այդ երկրներում, մարդկանց տները վերականգնեն: Սիրիայում և Իրաքում պատերազմն է պետք կանգնեցնել: Ինչի՞ հասան այդ պատերազմների արդյունքում՝ Իրաքում Սադդամին սպանեցին՝ արդյունքում երկիրը կործանվեց, Լիբիայում Կադդաֆիին սպանեցին, հիմա մարդակերություն կա այդ երկրում: Իսկ դուք գիտե՞ք Լիբիան ինչ երկիր էր՝ միակ երկիրն էր աշխարհում, որտեղ բնակչությունը որևէ խնդիր չուներ, հարուստ երկիր էր, հիմա ժողովրդավարություն հաստատեցին, ու ի՞նչ եղավ՝ հանիբալիզմ կա այդ երկրում»: