Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազ Հարություն Սարգսյանը հրապարակեց նախորդ տարվա մայիսի 17-ին «Վերնիսաժ»-ի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրական ճառը: Դատախազը հայտնեց, որ ապացուցված են ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները և միջնորդեց Գոռ Առաքելյանին դատապարտել 9 տարի, Վալերի Հովհաննիսյանին` 2 տարի 6 ամիս, իսկ Ներսես Մելքոնյանին` 2 տարի ժամկետով ազատազրկման:
Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանը մեղադրվում է ապօրինի կերպով «Մակարով» տեսակի ատրճանակ ու փամփուշտներ ձեռք բերելու և պահելու մեջ:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Առաքելյանը «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև, անուղղակի դիտավորությամբ, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Դատարանը որոշեց երեք ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը: