ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի վերաբերյալ քննարկմանն ու արդյունքների ամփոփման ժամանակ հայտնեց, թե քանի երկիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«2014-2015 թթ. Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը 19-ից դարձավ 24: Եթե մինչ այդ քրեականացրել էին ցեղասպանության ժխտումը ընդամենը 2 պետություն, ապա դարձավ 4 պետություն: Չափազանց կարևոր է միջազգային տարբեր կազմակերպությունների արձագանքները, տարբեր բանաձևեր, մասնավորապես՝ Եվրախորհրդարանի բանաձևը, որը ոչ միայն դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, ինչը այն արել էր 1987 թ-ի, այլև կոչ է անում Թուրքիային առերեսվել իր իսկ պատմության հետ և գտնում է, որ դա միակն ճանապարհն է հաշտության հասնելու»,- ասաց Քոչարյանը:
Քոչարյանը կարևորեց նաև վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևը, որի հեղինակն է Հայաստանը, որը համահեղինակել է 84 պետություն:
«Այս համախմբվածությունը մեզ հույս է տալիս նոր թափով շարունակել այն, ինչ բխում է մեր պետության շահերից: Նպատակն այն է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա: