Հայ-գերմանական հարաբերությունները նոր երանգ եւ շեշտադրումներ կստանան: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության եւ մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում պարոն Դորգերլոհի հայանպաստ գործունեությունը եւ անձնական ներդրումը Հայոց ցեղասպանության լուսաբանման եւ իրազեկվածության բարձրացման հարցում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Գերմանիան Հայաստանի համար կարեւորագույն գործընկեր եւ բարեկամ երկիր է, եւ երկու երկրների միջպետական հարաբերությունների հետեւողական զարգացումը կարեւոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:
Նախագահը գնահատելի է համարել ընթացիկ տարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների անցկացումը Գերմանիայում: Սերժ Սարգսյանի խոսքով, հայ ժողովուրդը մեծապես կարեւորում է Գերմանիայի պաշտոնական շրջանակների դիրքորոշումը Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, մասնավորապես` նախագահ Յոախիմ Գաուկի ելույթը ապրիլի 23-ին` Բեռլինի մայր տաճարում: Սերժ Սարգսյանն առանձնակի կարեւորել է նաեւ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի եւ անձամբ կրթության եւ մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհի աջակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացմանը:
Հանդիպմանը զրուցակիցները հույս են հայտնել, որ Հայաստանի եւ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ զարգացող հարաբերություններ նոր երանգ եւ շեշտադրումներ կհաղորդեն հայ-գերմանական համագործակցությանը:
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության եւ մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհը շնորհակալություն է հայտնել նախագահին՝ ջերմ ընդունելության եւ իր գործունեությունը բարձր գնահատականի արժանացնելու համար: Նախարար Դորգերլոհը հանդիպման ժամանակ ՀՀ նախագահին է նվիրել Գերմանիայում հրատարակված՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող դպրոցական դասագրքերի մեթոդական ուղեցույցը, որից, ըստ նրա, կարելի է օգտվել նաեւ առցանց: Ուղեցույցը երկրամասի ուսուցիչներին կօգնի դասավանդման ընթացքում համապատասխան տեքստերի, լուսանկարների, օժանդակ նյութերի օգնությամբ ներկայացնել Հայոց ցեղասպանության թեման: «Մենք պետք է ասենք, թե ի՞նչ է կատարվել իրականում, ասենք՝ ո՞րն է Հայոց ցեղասպանության հետ կապված ճշմարտությունը»,-ընդգծել է նախարար Շտեֆան Դորգերլոհը՝ նախագահին նվիրելով նաեւ Գերմանիայի եւ Հայաստանի դպրոցականների կողմից գրված Հայոց ցեղասպանության թեմայով շարադրությունների ժողովածուն եւ Սիամանթոյի ստեղծագործությունների գերմաներեն թարգմանությամբ հրատարակությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել միջխորհրդարանական հարաբերություններին: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ դրանք տարեցտարի զարգանում են ակտիվ փոխայցերի արդյունքում:
Երկուստեք կարեւորվել են նաեւ հայ-գերմանական մշակութային փոխանակումները, սերտ համագործակցությունը մշակույթի ոլորտում, ինչը, զրուցակիցների համոզմամբ, կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների փոխճանաչման բարձրացմանը: ՀՀ նախագահը եւ նախարար Դորգերլոհն ընդգծել են Հայաստանում գերմաներենի խորացված ուսուցման ուղղությամբ ծրագրերի իրագործման անհրաժեշտությունը, որի նպատակով, ըստ նախարարի, արդեն որոշակի մտահաղացումներ կան: