Պատերազմը սողալով մտնում է մեր երկիր, ժամանակն է ոտքի կանգնելու: Այս մասին հայտարարություն է տարածել Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Համարժեք պատասխան չստանալով, հակառակորդը մեր նկատմամբ վարում է սողացող պատերազմի քաղաքականություն՝ նպատակ ունենալով հարվածների ծավալն ու ինտենսիվությունը հետզհետե մեծացնելու միջոցով հյուծել եւ կամազրկել մեր բանակին ու ժողովրդին:
Դեռեւս Նախախորհրդարանի գործունեության ընթացքում՝ մոտ մեկ տարի առաջ, կանխատեսվել են աշխարհում եւ մեր տարածաշրջանում տեղի ունեցող սպառնալի զարգացումները, ինչպես նաեւ հետեւություն է արվել, որ նման պարագայում միակ ելքը ինքնակազմակերպումն է եւ ռեժիմին հեռացնելուց հետո Ազգ-բանակ ձեւաչափով պետության վերակազմավորումը:
Այսօր արդեն ակնհայտ է դառնում, որ կանխատեսված ճգնաժամը մտնում է նոր փուլ, որն սպառնում է ավարտվել մեր պետության կառավարման համակարգային փլուզմամբ, ինչին կհետեւի ներքին քաոսը եւ արտաքին ուժի տիրապետության հաստատումը:
Կառավարման համակարգային փլուզման մասին են վկայում, մասնավորապես, ռեժիմի պարագլխի ոչ համարժեք վարքագիծը, ԱԳՆ-ի անգործունակությունը, տնտեսության շարունակվող անկումը, ներքին իրավիճակի անկայունացումը եւ, ամենակարեւորը՝ սահմանային գոտու նկատմամբ վերահսկողության կորուստը, որն արտահայտվում է, օրինակ, հակառակորդի կողմից պարտադրված այս սողացող պատերազմի առաջխաղացմամբ, տխրահռչակ Վահան Մարտիրոսյանի՝ դեպի Ադրբեջան անարգել ելքով, ինչպես նաեւ այդ երեւույթների նկատմամբ պատկան մարմինների անտարբերությամբ:
Ժամանակն է հասկանալու, որ ռեժիմը եւ նրա պարագլուխն անտերության են մատնել պետությունը եւ բոլոր հիմնական ռեսուրսները կենտրոնացրել են ներքին իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու ուղղությամբ:
Մինչդեռ պատերազմը սողալով մտնում է մեր երկիր: Նման պատերազմի հաջորդ փուլը կարող է լինել մեր երկրի ավելի խորն ընկած տարածքների հրետակոծումն ու հրթիռակոծումը:
Ուստի ժամանակն է նաեւ հասկանալու, որ վաղուց արդեն արտակարգ վիճակում ենք, որից դուրս գալու համար անհրաժեշտ են արտահերթ եւ արտակարգ լուծումներ:
100 տարի առաջվա ցեղասպանության եւ հայրենազրկման աղետի կրկնությունը խափանելու եւ պատմության անիվը շուռ տալու համար հարկավոր է ամբողջությամբ հրաժարվել ռեժիմի մոգոնած հանրաքվեին մասնակցելու, առավել եւս՝ 2017-2018 թթ. «ընտրություններին» պատրաստվելու անհեթեթ ծրագրերից եւ արտահերթ կերպով ընդվզել մինչ այդ աղետը:
Վերը նշվածի հաշվառմամբ՝ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը բոլոր իրապես ընդդիմադիր ուժերին կոչ է անում գործել արտահերթ ընդվզման նպատակադրմամբ եւ ժողովրդին ոտքի հանել քաղաքացիական անհնազանդության միջոցով ռեժիմին հեռացնելու, պետության ժամանակավոր կառավարում իրականացնելու եւ արտահերթ ընտրություններ կազմակերպելու ծրագրով: