Հասարակություն 

Ստացվել է Սմբատ Հակոբյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական եւ դատավարական գործողություններ՝ Սմբատ Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի բոլոր հանգամանքները, մեղսակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ստացվել է Սմբատ Հակոբյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն նրան պատճառված վնասվածքների աստիճանը գնահատվել է ծանր։

Փորձագետի թիվ 1793/հ եզրակացության համաձայն՝ «Սմբատ Սոսի Հակոբյանի մարմնական վնասվածքները, ըստ բժշկական փաստաթղթերի և օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների, գլխի, դեմքի, իրանի, զույգ վերին և ստորին վերջույթների շրջանների արնազեղումների, քերծվածքների, սալջարդ վերքերի, քթի ոսկրերի (ռենտգենաբանորեն), աջից 8-րդ կողի կոտրվածքների ձեւով, ուղեկցված ենթամաշկային էմֆիզեմայով և պնևմոթորաքսով, պատճառվել են բութ, կոշտ առարկաներով, հնարավոր է որոշմամբ նշված ժամկետում եւ հանգամանքում, որոնք առաջացրել են առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող»։

Ս.Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Նույն շարքից