Դատելով վերջին շրջանում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկվող ականանետային եւ հրթիռահրետանային հարվածների ու խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից իրականացվող գնդակոծումների անհամեմատ ինտենսիվ ընթացքից` կարելի է փաստել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որդեգրել է հակամարտության լուծումը խաղաղ բանակցությունների սեղանից ուժային դաշտ տեղափոխելու հանցավոր մարտավարություն: Այդ մասին ասվում է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:
«Խաղաղ բնակավայրերի վրա իրականացվող արկակոծումներն ու հայկական դիրքապահների ուղղությամբ կատարվող նախահարձակ գործողությունները, որոնք գնալով կրում են առավել ցինիկ ու նպատակաուղղված բնույթ, ցույց են տալիս, որ հակառակորդը հակված է միտումնավոր ու սադրիչ քայլերով իրավիճակին հաղորդել անկանխատեսելի հետեւանքներով հղի զարգացումներ:
Ելնելով ստեղծված դրությունից` ԼՂՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ եւս համաշխարհային հանրության ու հատկապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում պաշտոնական Բաքվի կողմից որդեգրած եւ շարունակ կյանքի կոչվող ապակառուցողական ու սադրիչ քաղաքականության վրա եւ տեղեկացնում, որ ստեղծված իրավիճակից բխող ցանկացած հետեւանքի պատասխանատվություն կրելու է ոչ այլ ոք, քան ադրբեջանական կողմը:
Նշենք, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: