Բարի օր Մշակույթ 

Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է

analitik.am

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։ Հայրը Գևորգ Սողոմոնյանն էր, մասնագիտությամբ՝ կոշկակար, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։

Որբանալով վաղ տարիքում՝ 1881 թվականին 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Սուրբ Էջմիածին և սկսում ուսանել Գևորգյան ճեմարանում։ 1895 թվականին Կոմիտասը ձեռնադրվում է վարդապետ, որից հետո մեկնում է Թիֆլիս և վեց ամիս Մակար Եկմալյանի մոտ հարմոնիա է ուսանում:

Սովորել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանում, որից հետո փորձել է կիրառել այդ փորձը ազգային ավանդույթ կառուցելու համար:

Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը: Հայտնի է որպես երաժշտական էթնոգրաֆիայի ռահվիրաներից մեկը:

1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքական վարչակարգը շուրջ 600 հայ մտավորականների հետ ձերբակալեց նաև Կոմիտաս Վարդապետին և աքսորեց Չանղր (Կոստանդնուպոլսից 800 կմ հեռու)։ Երկու շաբաթ անց եվրոպական և ամերիկյան դեսպանների միջնորդությամբ նա ազատ արձակվեց և վերադարձավ Կոստանդնուպոլիս:

Կոմիտաս Վարդապետը վախճանվեց 1935 թվականի հոկտեմբերի 21-ին առավոտյան ժամը 6-ին: Մահից հետո ստեղծվեց Կոմիտաս Վարդապետի մահադիմակը։ 1936 թվականին նրա աճյունը փոխադրվեց Երևան և թաղվեց Կոմիտասի անվան պանթեոնում։

2015 թվականի հունվարի 29-ին Երևանում Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը, որի կառուցման որոշումը կայացվել էր 2013 թվականի մայիսի 30-ին Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ նախագահի առաջարկի հիման վրա

Նույն շարքից