Մարրզահամերգային համալիրի վաճառքի, հաստատության տեղում ժամանցի վայր, այդ թվում`խաղատուն կառուցելու և մի շարք այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ, ով դատապարտելի համարեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողքին նման հաստատության կառուցումը, սակայն նշեց նաև, որ արձագանքելու համար դեռ վաղ է, քանի որ ժամանցի վայր կառուցելու վերաբերյալ ծրագրերը, գծագիրը թղթին հանձնված կամ սլայդով ներկայացված չեն, և հայտնի չէ, թե խոսքը կոնկրետ ինչի մասին է:
«Իհարկե, շատ վատ է, ի՞նչ է նշանակում կազինո` Ցեղասպանության թանգարանի կողքին: Այս պահին սխալ կլիներ իմ կողմից որևէ մեկնաբանություն անելը, որովհետև ես անձամբ ծանոթ չեմ, թե ինչ ձևաչափով է դա կառուցվում: Ես չգիտեմ` հյուրանոց է կառուցվում, ինչ է լինում... Անշուշտ, ես ունեմ իմ կարծիքը, այն խիստ բացասական է, բայց ես այն կհնչեցնեմ այն ժամանակ, երբ դա կտեսնեմ թղթի վրա, որ հասկանամ` իսկապես ինչ է կատարվում: Մենք հիմա խոսում ենք մի բանի մասին, որը չենք տեսել: Հետևաբար, ցանկացած մեկնաբանություն ես ճիշտ չեմ համարում»,- ասաց Դեմոյանը: