Հասարակություն 

Համահայկական խորհրդի ձևավորման ուղղությամբ աշխատանքներ են սկսվում. Վիգեն Սարգսյան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում կայացվել է կարևոր որոշում՝ Համահայկական խորհրդի ձևավորման ուղղությամբ սկսվում են աշխատանքներ: Լրագրողներին այս մասին տեղեկացրեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը:

«Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ Հայաստանի նախագահն առաջարկել էր քննարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հենքի վրա մշտական գործող համահակական մարմին ձևավորելու գաղափարը, որը կդառնա աշխարհում հայերի վիճակին անդրադարձող, պարբերական խորհրդատվություններ անցկացնող մի հարթակ: Այս տարվա համատեղ աշխատանքները ցույց տվեցին այդպիսի փոխգործակցության արդյունավետությունն ու հնարավորությունը: Այսօր քննարկելով առաջարկությունը, պետական հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն կողմ արտահայտվեցին այդ ուղղությամբ աշխատանք կատարել»,- ասաց նա:

Վ. Սարգսյանը տեղեկացրեց, որ ձևավորվեց հատուկ կազմակերպչական հանձնախումբ, որը կգլխավոր Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Վիգեն Սարգսյանը նշանակվել է հանձնախմբի քարտուղար:

Նրա տեղեկացմամբ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը դեռևս չի ավարտել իր աշխատանքը, ըստ երևույթին կգումարվի հանձնաժողովի ևս մեկ նիստ՝ ամփոփելու հանձնաժողովի աշխատանքները, միջոցառումները, կներկայացվի համապարփակ զեկույց. «Կարծում եմ՝ այդպիսի նիստը կարող է համընկնել Համահայկական խորհրդի առաջին նիստի հետ»:

Վ. Սարգսյանը հայտնեց, որ նիստի ընթացքում ՀՀ նախագահին հանձնվեց Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման իրավական թղթածրարի հայեցակարգային փաթեթը:

Նույն շարքից