Հասարակություն 

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում մեկնարկել է մյուռոնօրհնեքի արարողությունը

Մայր Աթոռի Ս. Տրդատի բաց խորանում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ին, մեկնարկել է մյուռոնօրհնեքի արարողությունը, որի պատրաստությունները սկսվել են դեռեւս 40 օր առաջ:

Սրբալույս հեղուկի օրհնության առթիվ կայանալիք միջոցոռումները կշարունակվեն նաեւ սեպտեմբերի 28-ին եւ 29-ին:
Մասնավորապես, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կկատարվի բարեխոսական կարգ եւ շրջայց:

Ժամը 12:00-ին Մայր Տաճարի առջեւ` Գարեգին Ա Կաթողիկոսի շիրիմի մոտ, նախատեսվում է Հայրապետի հոգեհանգստյան աղոթք:
Ժամը 12:30-ին Մայր տաճարի շրջափակում տեղի կունենա «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացումը, իսկ 13:30-ին, կրկին Մայր տաճարի շրջափակում, կկատարվի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված Խաչքարերի օրհնություն եւ օծում:
Ժամը 15:00-ին Գեւորգյան ճեմարանում կբացվի «Սրբալույս Մյուռոն» խորագրով կերպարվեստի ցուցահանդես:

Միջոցառումները կամփոփվեն Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճի նախասրահում կայանալիք «Հայոց Եկեղեցին միջազգային փոստային բացիկներում» լուսանկարների ցուցահանդեսով (որին կհաջորդի մյուռոնի օրհնությանը նվիրված համերգային ծրագիրը) եւ Մայր Աթոռի «Ալեք եւ Մարի Մանուկյան» Գանձատանը կայանալիք Սրբալույս Մյուռոնին նվիրված նամականիշերի մարման արարողությամբ:

Սուրբ Մյուռոնօրհնեքը կատարվում է յոթ տարին մեկ անգամ: Սփյուռքի տարբեր թեմերից ուխտագնացների խմբեր, ինչպես նաեւ աշխարհի տարբեր ծայրերից հավատացյալներ են ժամանում Հայաստան` այս կարեւոր իրադարձությանը ներկա գտնվելու համար:

Հնուց ի վեր սա միջոց էր ծառայում պահելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսության հեղինակությունը` որպես բացառիկ ուխտ հայ հավատացյալ հոտի հետ: Սուրբ մյուռոնն օգտագործվում է մկրտության եւ դրոշմի խորհրդի ժամանակ, հոգեւորականների ձեռնադրության, եպիսկոպոսների եւ հոգեւորականների օծման, ջրօրհնեքի արարողության, ինչպես նաեւ նոր եկեղեցիների եւ պատկերների օծման ժամանակ:

0րհնությունից քառասուն օր առաջ ձիթենու մաքուր յուղով լի կաթսան դրվում է Մայր Տաճարի բեմում եւ ծածկվում նրբահյուս շղարշով։ Հնում այն ծածկվում էր յոթ շարք շղարշով։

Նույն շարքից