Հայաստան Քաղաքական 

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ

Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։ Հանդիպմանը բարձր է գնահատվել երկու հարևան երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և կարևորվել համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության ընդլայնումը:

Անդրադարձ է կատարվել առաջիկայում կայանալիք փոխայցելություններին, ինչպես նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը։

Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածության իրագործմանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական զարգացման հարցերով տեղակալ, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերով (UN ESCAP) ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադիր քարտուղար Շամշադ Ախտարի հետ։

Հանդիպմանը Շամշադ Ախտարը Էդվարրդ Նալբանդյանին ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են դեմի ծով ելք չունեցող երկրների առջև ծառացած խնդիրներին, քննարկվեցին UN ESCAP-ի և Հայաստանի միջև փոխգործակցության հնարավորությունները։ Այս համատեքստում տիկին Ախտարը տեղեկացրել է, որ հաջորդ տարի UN ESCAP-ի տարեկան համաժողովը նվիրված է լինելու դեպի ծով ելք չունեցող երկրների խնդիրներին։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը՝ կառույցի գործադիր տնօրեն Դեվիդ Հարիսի գլխավորությամբ: Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Ամերիկայի հրեական կոմիտեի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը կարևորել է միջազգային համատեղ ջանքերը` մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման ու կանխարգելման ուղղությամբ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների, մի շարք տարածաշրջանային միջազգային հիմնահարցերի վերաբերյալ:

Նույն շարքից