Հասարակություն 

Պետք է բացառել հանրային տրանսպորտի վարորդների կողմից ծխելը և հեռախոսով խոսելը. Տարոն Մարգարյան

analitik.am

Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 23 վարչական արձանագրություն:

Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակի շրջանակներում շարունակվում է ուժեղացված հսկողությունը կրթական հաստատություններին հարակից տարածքներում:

Անդրադառնալով ՃՈ հետ համատեղ իրականացվող անվտանգ երթևեկության միամսյակին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել մշտական հսկողության տակ պահել սույն հարցը, բացի այդ նաև հետևողական աշխատանքներ տանել հասարակական տրանսպորտով տեղաշարժվելու անվտանգության ապահովման ուղղությամբ:

«Ձեր ուշադրությունը պետք է հրավիրեմ այնպիսի արատավոր երևույթների վրա, ինչպիսիք են վարելու ընթացքում հանրային տրանսպորտում ծխելը և հեռախոսով խոսելը: Համոզված եմ կարիք չկա լրացուցիչ անգամ ասելու, թե այս վտանգավոր երևույթները որքանով են սպառնում մեր համաքաղաքացիների ապահով երթևեկությանը: Ուստի պետք է այդ ուղղությամբ հստակ և նպատակային աշխատանքներ տանել՝ դրանքէ մեզանում բացառելու համար:

Այս հարցում ակնկալում եմ սերտ համագործակցություն ինչպես Ճանապարհային ոստիկանության, այնպես էլ ոլորտի խնդիրներով մտահոգ հասարակական կազմակերպությունների և ակտիվ քաղաքացիների հետ:

Համոզված եմ, որ այս ուղղությամբ համատեղ ջանքերով տարված պայքարը կտա ցանկալի արդյունք», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ հանրային տրանսպորտի ոլորտի հետ կապված բոլոր հարցերը մշտապես լինելու են քաղաքային իշխանության օրակարգում:

Հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նույն շարքից