Միջազգային Քաղաքականություն Ֆեյսբուք 

Լեհ-ռուսական դիվանագիտական միջադեպ

analitik.am

Ռուսական լրատվամիջոցներն այսօր հաղորդում են լեհ-ռուսական դիվանագիտական մի ուշագրավ միջադեպի մասին, որը կարող է ուսանելի լինել նաև մեզ համար` թե ինչպես պետք է գործի և արագ արձագանքի ինքնիշխան երկրի արտաքին գործերի նախարարությունը (տվյալ դեպքում` Լեհաստանի):

Խնդիրը կայանում էր հետևյալում. Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը լեհական ТVN-24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում միտք էր արտահայտել, ըստ որի` իբր «Լեհաստանը 1930-ականներին բազմակի անգամ խոչնդոտել է Եվրոպայում հակահիտլերյան կոալիցիայի ստեղծմանը, որի պատճառով էլ` «ԽՍՀՄ-ը ստիպված էր 1939-ի սեպտեմբերին մտնել Լեհաստան, որ ապահովի իր իսկ երկրի անվտանգությունը» (այնինչ Լեհաստանը ուղղակի օկուպացվել էր հիտլերյան Գերմանիայի և ԽՍՀՄ-ի կողմից` Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի պակտի դրույթների համաձայն):

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը շատ արագ արձագանքել է դրան` համարելով ռուս դեսպանի այդ խոսքերը վիրավորական լեհ ժողովրդի համար, ոչ արդարացի ու իրականությանը բացարձակ չհամապատասխանող, և կանչել է Անդրեևին իր մոտ` բացատրություններ տալու համար:

Այցելելով Լեհաստանի արտաքին գործերի նախարարություն, ռուս դեսպանը նշել է, որ իր բառերը սխալ են հասկացվել և ինքը բնավ էլ նպատակ չի ունեցել վիրավորել լեհերին:

«Ես ընդունում եմ, որ այդ հարցազրույցի ժամանակ, ցավոք, ես այնքան էլ ճշգրիտ չեմ եղել` իմ մտքերը արտահայտելու առումով, որն էլ հարուցել է լեհական կողմի այսպիսի արձագանքը»,- ասել է Անդրեևը:

Ռուս դեսպանը փաստորեն հրաժարվեց նախապես ասված իր խոսքերից, այլապես Լեհաստանը պատրաստվում էր բողոքի նոտա հղել Ռուսաստանին` իր դեսպան Անդրեևի այդ չմտածված խոսքերի համար:

Նույն շարքից