Հայաստան Քաղաքականություն 

Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Մոհամմադ Ռեյիսիի հետ

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 29-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի հետ. տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Գալուստ Սահակյանը, բարձր գնահատելով դեսպանի դիվանագիտական գործունեությունը, հատկապես կարևորել է ՀՀ Ազգային ժողովի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերն ու նախագծերը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այժմ համագործակցության ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվում, և կվերսկսվեն նաև նախկինում հետաձգված նախագծերը: Գալուստ Սահակյանը կարևորել է վերջին իրադարձություններից հետո տարածաշրջանում Իրանի դիրքի բարձրացումը և փաստել, որ այդ առումով Հայաստանն ամենաշահագրգիռ կողմն է: ԱԺ նախագահը, կարևորելով խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ ու արդյունավետ գործունեությունը և փոխայցերը, նշել է, որ այսօր հայ-իրանական փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և նոր հնարավորություններ են ստեղծվում դրանք ավելի խորացնելու:

Գալուստ Սահակյանը Մոհամմադ Ռեյիսիին մաղթել է նորանոր հաջողություններ աշխատանքային գործունեության ընթացքում:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Գալուստ Սահակյանի ունեցած մեծ դերակատարումը հայ-իրանական հարաբերությունների խորացման գործում: Մոհամմադ Ռեյիսին կարևորել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը բարեկամ երկրների փոխհարաբերությունների զարգացման հարցում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին իր դիվանագիտական առաքելության տարիներին դեսպանատան նախաձեռնած և իրականացրած ծրագրերին օժանդակելու համար:

Նույն շարքից