Առողջապահություն Բարի օր 

Սեպտեմբերի 29-ը սրտի համաշխարհային օրն է

analitik.am

Սեպտեմբերի 29-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Սրտի համաշխարհայաին ֆեդերացիայի կողմից հռչակվել է որպես Սրտի համաշխարհային օր և նշվում է ամբողջ աշխարհում:

Այս տարի Սրտի համաշխարհային օրվա կապակցությամբ ընտրվել է «Առողջ սրտի համար առողջ ընտրություն միշտ և ամենուր» կարգախոսը:

Յուրաքանչյուր տարի, համաձայն ԱՀԿ տվյալների, առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից աշխարհում մահանում է ավելի քան 38 միլիոն մարդ, որից 48%-ը կազմում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (ԱՇՀՀ): Ընդ որում, այն երիտասարդացման միտում ունի:

ԱՀԿ և գործընկեր միջազգային կազմակերպություններն անդամ-պետություններին հորդորում են միջոցառումներ ձեռնարկել ամբողջ աշխարհում ոչ վարակիչ հիվանդություններից ամենատարածված և մահացության ցուցանիշով (հատկապես վաղաժամ մահացության ցուցանիշով) առաջին տեղը զբաղեցնող սրտանոթային հիվանդությունների նվազեցման ուղղությամբ։ Ընդ որում, որպես այդ պայքարի հիմնական ուղղություն, շեշտը դրվում է այդ հիվանդությունների կանխարգելման միջոցառուների վրա:

Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, վերահսկման և դրանց դեմ արդյունավետ պայքարի նպատակով ԱՀԿ-ն անդամ-պետությունների համար սահմանել է առաջնահերթ 9 կամավոր գլոբալ նպատակ և դրանց հասնելուն ուղված 25 ցուցանիշ:

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս ամենը ներկայացրեց ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։ Նա շեշտեց, որ բնակչության առողջության պահպանումը ՀՀ ԱՆ առաջնահերթություններից է, ուստի, նախանշված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է համագործակցված և համընդհանուր միջոցառումների իրականացում` շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ:

«ՀՀ առողջապահության նախարարությունը, հենվելով ԱՀԿ մարտավարության վրա և կարևորելով բնակչության առողջության պահպանումը, տարբեր ծրագրեր է իրականացնում առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային օղակներում»,-նշեց բանախոսը` ներկայացնելով Հայաստանում բնակչության շրջանում արյան շրջանառության համակարգի հիվանդությունների տարածվածությունը։

Սրտանոթային հիվանդություններից ամենատարածվածները զարկերակային բարձր ճնշմամբ բնութագրվողներն են։ Տարածվածությամբ` երկրորդ, սակայն մահացության ցուցանիշով առաջին տեղն են զբաղեցնում սրտի սնուցման խանգարման (իշեմիայի) հետ կապված հիվանդությունները` մասնավորապես ստենոկարդիան և սրտամկանի սուր ինֆարկտը, ինչպես նաև ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումը (ինսուլտ): Միայն 2014 թվականին գրանցվել է սրտի իշեմիկ հիվանդության 17.097 նոր դեպք, այդ թվում` 2.083-ը՝ սրտամկանի սուր ինֆարկտ, 4.277-ը` ստենոկարդիա։ Այս խմբում գրանցված հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 68.898 դեպք: 2014 թվականին սրտի իշեմիկ հիվանդությունից մահացել է 8.483 մարդ, որոնցից 2.386-ը՝ սուր ինֆարկտից։ Այսպիսով, արյան շրջանառության համակարգի հիվանդությունների հետևանքով մահերի 65%-ը պայմանավորված է սրտի իշեմիկ հիվանդություններով:

Կապված իրավիճակի հետ, առողջապահության նախարարությունը առողջության առաջնային պահանման օղակում իրականացնում է մի շարք ծրագրեր։ 2015թ. հունվարից մեկնարկել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» սկրինինգային ծրագիրը, որի բաղադրիչներից մեկը 35-68 տարեկան անձանց շրջանում զարկերակային գերճնշման հայտնաբերումն է։ Առաջին կիսամյակում հետազոտվել է 179 000 քաղաքացի, նրանցից 11 տոկոսի մոտ հայտնաբերվել է զարկերակային գերճնշում։ Ինչպես այս ծրագիրը, այնպես էլ սոցփաթեթի շահառուների համար 2015թ.-ից մեկնարկած կանխարգելիչ բժշկական այցերը միտված են ՀՀ բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, վերահսկմանը և մահացության նվազեցմանը:

Հայաստանում հիվանդանոցային օղակում սրտաբանական բժշկական օգնությունն ու սպասարկումը, հատկապես` սրտային վիրաբուժությունը, իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան, կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ: Հանրապետության կլինիկաներում սրտանոթային համակարգի հիվանդությունների բուժումն իրականացվում է ինչպես թերապևտիկ, այնպես և վիրաբուժական ճանապարհով, այդ թվում` կատարվում են սրտի բաց վիրահատություններ: Վերջին տարիներին առանձնակի զարգացում են ստացել սրտի ինտերվենցիոն (փակ) միջամտությունները:

Առանձնահատուկ կարևորություն ունի 2015 թվականի հունվարից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատությունների (ոչ դեղապատ ստենտով) ծրագիրը, որի շրջանակում բժշկական օգնություն է ստացել 1068 քաղաքացի, դեպքերից 989 ավարտվել է ստենտավորումով, 79 դեպք կորոնարոգրաֆիայով:

Ընդհանուր առմամբ 2015 թվականին, արդեն իսկ պետական պատվերով կատարվել է 2308 սրտի վիրահատություն, որից` 1426-ը փոխհատուցվել է ամբողջությամբ, իսկ 882-ը` մասնակի:

Նույն շարքից