Հասարակություն 

Հաքերները դատի են տվել Անգելա Մերկելին

Գերմանիայում մի խումբ հաքերներ դատի են տվել այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելին, հայտնում է Lenta.ru-ն:

 

Հայցը նախաձեռնել է Chaos Computer Club-ը, որը Մերկելին ու նրա գլխավորած կառավարությանը մեղադրում է ինտերնետ-օգտատերերի տվյալների գաղտնիության խախտման համար:

 

Մերկելը, նրա նշանակած նախարարները և նրան ենթակա հետախուզական վարչություններն օգնել էին ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին` հետևելու սոցիալական ցանցերում Գերմանիայի քաղաքացիների գրառումներին: Ըստ CCC-ի` Գերմանիայի իշխանությունները ոչինչ չեն արել դա կանխելու համար:

 

Գերմանիայի կառավարությունից այս հայցը մեկնաբանել են` ասելով, որ Գերմանիայում ցանկացած ոք կարող է դատական հայց ներկայացնել:

 

Առաջին անգամ հետախուզական վերահսկման մասին հայտնել էր ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Այս օրերին Գերմանիայում սկանդալ է հասունանում, քանի որ հայտնի է դարձել, որ ամերիկացիները գերմանացիներին հետևել են նրանց իշխանությունների թողտվությամբ:

Նույն շարքից