Ճապոնական իշխանությունները ՅՈւՆԵՍԿՕ-ին` ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը, հայտ են ուղարկել՝ խնդրելով Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկել օդաչու-կամիկաձեների գրած 333 նամակներն ու կտակները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Փաստաթուղթը կազմվել է Մինամի Կյուսյու քաղաքի վարչության անունից, որտեղ գտնվում է այդ մահապարտներին նվիրված յուրահատուկ թանգարանը:
Թանգարանում պահպանվում է մոտ 14 հազար լուսանկար, նամակ և այլ փաստաթղթեր՝ կապված կամիկաձեների հետ:
«Դա վերջին վկայություններն են այն մարդկանցից, որոնք գնում էին մահվան: Անհրաժեշտ է պահպանել այդ նամակները և կտակները՝ որպես պատերազմի սարսափների մասին հիշողություն»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքապետ Կամպեյ Սիմոիդեն՝ հիմնավորելով իր որոշումը:
Օդաչու-կամիկաձեները սկսել են գործել 1944 թվականի հոկտեմբերին: Պատրաստվել էր գրեթե 4 հազար կամիկաձե: Նրանց հարձակումների հետևանքով, ԱՄՆ-ի տվյալներով, խորտակվել է 34 նավ: