ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունում Հայաստանում Եվրոպակաn Միության պատվիրակությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն այսօր ամփոփեցին «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացումը և տեղական զարգացման գործընթացում միգրանտների ներգրավվածության մեծացումը» եռամյա ծրագրի առաջին փուլի արդյունքները:
Ծրագրի համակարգող Վարյա Մերուժանյանը հաղորդեց, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագիրը նպատակ ունի նվազեցնել Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի աշխատանքային միգրանտների և նրանց համայնքների սոցիալական խոցելիությունը՝ հասցեական սոցիալական ծառայություններ մատուցելով, ինչպես նաև միգրանտների ֆինանսական ու մտավոր ռեսուրսների արդյունավետ կիրառման միջոցով նպաստել համայնքների զարգացմանը:
«Ծրագրի իրականացման առաջին տարում չորս թիրախային մարզերում 50 դեպք վարողներ ստացել են համապատասխան ռեսուրսներ՝ միգրանտների կարիքները բացահայտելու, գնահատելու և դրանց արձագանքելու համար: Արդյունքում, մոտ 1000 միգրանտ ընտանիք ընդգրկվել է դեպքի վարման աշխատանքներում»,- ասաց Վարյա Մերուժանյանը:
Նա նշեց նաև, որ մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների 80 ներկայացուցիչներ ստացել են անհրաժեշտ կարողություններ՝ 10 համայնքային և միջհամայնքային սոցիալական ծրագրեր մշակելու և իրականացնելու համար:
Ծրագրի համակարգողն ասաց, որ այս տարի նախատեսվում է չորս թիրախային մարզերի 190 բժիշկների և 380 միգրանտների ընտանիքների համար անցկացնել խնամք կազմակե8պելու դասընթացներ, ինչպես նաև կազմակերպել հանրային իրազեկման արշավներ:
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը իր խոսքում նշեց, որ ՄԱԿ-ն ամենաբարձր մակարդակով համագործակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ:
Նա նշեց, թե հարց կառաջանա՝ ի՞նչ ընդհանրություն ունի «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման ծրագիրը» ՄԱԿ-ի այն գործակալության հետ, որը մանկական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ է գործունեություն ծավալում։
«Իրականում, այս ծրագիրն ուղիղ կապ ունի երեխաների հետ: Եթե ծրագրի շրջանակներում անհատական սոցիալական աջակցության ծրագրեր մշակվեն սոցիալապես անապահով ընտանիքների համար և իրագործվեն, կլուծվեն նաև այդ ընտանիքների երեխաների սոցիալական խնդիրները»,- ասաց Հենրիետա Արենսը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Աստղիկ Մինասյանն ասաց, թե նմանատիպ ծրագրերի միջոցով կարողանում են գտնել և վեր հանել այն խնդիրները, որոնք առկա են սոցիալապես անապահով ընտանիքներում: «Կարծում եմ, որ արդյունքը ուսանելի կլինի նաև այլ մարզերի համար»,-ասաց Աստղիկ Մինասյանը: