Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ փետրվարի 4-ին Երեւանում կազմակերպել էր «Կլիմայի փոփոխության ռիսկերի եւ հարմարվողականության խնդիրները Հայաստանում» սեմինար-խորհրդակցություն:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հանդիպման նպատակն էր ներկայացնել «Կլիմայական ռիսկերի կառավարումը Հայաստանում» հաշվետվությունը, որը մշակվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Ճգնաժամերի կանխման եւ վերականգնման գործակալության «Կլիմայական ռիսկերի կառավարման» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, ինչպես նաեւ ներկայացնել եւ քննարկել «Տեղական զարգացման բարելավված պլանավորման միջոցով կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմումը գյուղական համայնքներում» նոր մեկնարկվող ծրագիրն ու նախատեսված գործողությունները:
Սեմինար-խորհրդակցությանը ներկա էին 60-ից ավելի մասնակից, որոնք ներկայացնում էին ՀՀ պետական կառավարման համակարգը, մարզպետարանները, գիտական եւ կրթական հաստատությունները, ինչպես նաեւ ոլորտում գործունեություն ծավալող միջազգային կառույցները, հիմնադրամները եւ հասարակական կազմակերպությունները:
Առանձին զեկուցմամբ ներկայացվել են «Տեղական զարգացման բարելավված պլանավորման միջոցով կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմումը գյուղական համայնքներում» նոր մեկնարկած ծրագիրը, ինչպես նաեւ միջազգային ու հասարակական կազմակերպությունների փորձը, կլիմայի փոփոխության ռիսկերի հետ առնչվող ծրագրերի հիմնական արդյունքները եւ բացահայտված խնդիրները:
Ծավալվել է արդյունավետ քննարկում կլիմայի փոփոխության ռիսկերի հասցեագրման խնդիրների եւ ծրագրերի միջեւ ապագա համագործակցության ուղիների վերաբերյալ: