Իրանի «Մելաթ» խոշորագույն մասնավոր բանկը հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը դատի տալու որոշման մասին՝ երկրին անօրինական պատժամիջոցների պատճառով հասցրած վնասի համար։ Հայցի չափը կարող է հասնել մինչև 1 մլրդ ֆունտ ստեռլինգի, գրում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Press TV-ին։
Հայցորդը հիմնվում է նրա վրա, որ իրեն պետք է փոխհատուցվի պատժամիջոցների կիրառման պատճառով բաց թողնված եկամուտը։ Մասնավորապես, «Մելաթ» բանկին, սկսած 2009-ից, արգելված է եղել ֆինանսական գործողություններ իրականացնել բրիտանական գործակալների հետ։
2013թ. հունիսին Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանն անօրինական է ճանաչել բանկի դեմ պատժամիջոցները, որից հետո բանկը հնարավորություն է ստացել հայց ներկայացնել դատարան։
Իրանական բանկի նկատմամբ պատժամիջոցները դեռևս շարունակում են ուժի մեջ մնալ։ Վերջին տարիների ընթացքում արևմտյան երկրներն իրանական ընկերությունների և բանկերի հանդեպ պատժամիջոցների մի ամբողջ շարք են ընդունել, ներառյալ՝ ակտիվների սառեցում, արևմտյան բանկերի հետ համագործակցության արգելափակումներ։