Հասարակություն 

Ռոբերտ Նազարյանը՝ գազի կալորիականության մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը այսօր, երբ ԱԺ–ում ներկայացնում էր տարեկան անելիքները, ի պատասխան գազի կալորիականության վերաբերյալ «Հանրապետական» պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հարցին, համոզմունք հայտնեց, որ գազի կալորիականությունն այնքան է, որքան ներկայացված է, ապա ավելացրեց, որ դա կարող է ստուգել միայն մեկ մարմին։

«Դա էկոնոմիկայի նախարարությունն է, որն այդ լաբորատորիաների արժանահավատության համար պատասխանատվություն է կրում օրենքով և նույն լաբորատորիաներն ունեն «ՀայՌուսագազարդը», Հրազդանի ՋԷԿ-ը, «Արարատ ցեմենտ» գործարանը»-ասաց նա։

Ռոբերտ Նազարյանը նշեց, որ ինքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում հարց է բարձրացրել և նշել է, որ կարող են մի քանի ընկերություններ իրենք ունենալ լաբորատորիա։

Ըստ նրա, նման լաբորատորիաներն արժեն 25 000-60 000 հազար դոլար, և եթե տնտեսվարող սուբյեկտները միանան, ապա կարող են գնել նման մեկ լաբորատորիա և ստուգել, թե իրենց տրվող գազի կալորիականությունը ցա՞ծր է, թե՝ ոչ, և ոչ թե բողոքեն, թե միլիոնների կորուստ են կրում։

Բացի այդ, ինքը՝ որպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ, վստահ է, որ կալորիականությունը ցածր չէ և այնքան է, որքան կա, քանի որ լաբորատորիա ունեցող ընկերություններից կան այնպիսիք, որոնք գազի սպառող են։

Ռոբերտ Նազարյանը նաև նշեց, որ եթե հարցը համոզիչ չէ, ապա կարող են նույն հարցով դիմել Կառավարությանը, որպեսզի Էկոնոմիկայի նախարարությունն ինչ-որ մեխանիզմ գտնի և ստուգի այն։

Նույն շարքից