Հասարակություն 

Նորաձևության տենդենցները 2014-ի գարնանը

analitik.am

«Եթե դուք հիացել եք որևէ կնոջ գեղեցկությամբ և չեք հիշում, թե նա ինչ էր հագել, նշանակում է՝ նա հագնված էր իդեալական»: Նորաձեւության պատմության մեջ խորը հետք թողած Կոկո Շանելն այսպես է բնորոշել հագնվելու արվեստը: 20-րդ դարի կնոջ զգեստապահարանում հեղափոխություն մտցրած այս կնոջ խոսքերն արդաիական ու «նորաձև» են մնում այսքան տարի անց: 

«Արդեն մի քանի տարի է, ինչ նորաձևությունը շատ բազմազան է, հարուստ՝ ոճերով, գույներով, ձևվածքներով:


2014-ին ևս դա կպահպանվի»,- «Անալիտիկ կենտրոն»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն, նկարիչ -մոդելավորող Կարինե Դնոյանը: Նրա կարծիքով նորաձևության մեջ այս բազմազանությունը մի կողմից խանգարում է կենտրոնանալ, մյուս կողմից նորաձև լինելու հնարավորությունը մեծ է, ամեն մեկը կարող է գտնել այն, ինչ իրեն հարմար է, սազում է: «Քանի որ գարուն է գալիս, մեծամասամբ մեղմ, պաստելային գույներն են առաջին հերթին նորաձև՝ և վերնահագուստի՝ վերակուների և շրջազգեստների համար և այլն: Նորաձև են նուրբ վարդագույնը, կանաչի բաց երանգները, երկնագույնը:


Դա իրոք նոր տենդենց է, քանի որ վերարկուների մեջ այդպիսի նուրբ գույներ շատ վաղուց չեն եղել»,-նշեց նկարիչ-մոդելավորողը: Մորթին այս տարի ևս կշարունակի նորաձև մնալ: 

Մի քանի նորաձևության տներ գարնան համար մորթուց, վառ գույների վերնահագուստների առաջարկներ ունեն: Թեև Կարինե Դնոյանը կասկածներ ունի՝ այդ առաջարկները որքանով են Հայաստանի նման կլիմա ունեցող երկրի համար հարմար, քանի որ ցուրտ ձմռանը տաք գարուն է հաջորդում:


Մյուս կարևոր նորությունը վերարկուներն են, սպորտային, կաշվե բաճկոններին այս գարուն կփոխարինեն վերարկուները: Ընդ որում սա վերաբերում է և կանանց, և տղամարդկանց: Վերարկուների ձևվածքներն էլի շատ բազմազան են՝ երկար, կարճ, կիպ, ծավալուն՝ մի քանի չափս մեծ թվացող և այլն: «Եթե արդեն վերարկուները հանենք, գունային գամման մնում է նույնը, բայց դրանց ավելանում են նոր գույներ: Ինչպես միշտ, դասական դարձած սպիտակը կլինի նորաձև: Եթե անցյալ տարվա գույնը զմրուխտե կանաչն էր, ապա այս տարվա գույնը շատ նուրբ, յասամանագույնի բոլոր երանգներն են: Դրան զուգահեռ նորաձև կմնա կանաչի ու կապույտի խառնուրդը»,- ասաց Կարինե Դնոյանը: Նորաձև գործվածքներից նա նշեց ծաղկավոր, վառ պրինտերով գործվածքները՝ և երկրաչափական, և ծաղկային (մանր ծաղիկներից մինչև մեծ ծաղիկներ), երկրաչափականը՝ աբստրակտ ոճի, նորաձև կլինեն ֆոտոպրինտերով, տարբեր գրառումներով գործվածքները:


«Քանի որ այդ ծաղկավորությունը շատ-շատ է, ֆորմաների մեջ բավականին մինիմալիզմի մեջ է հագուստը, բավականին քիչ դետալներ ունի: Մեծամասամբ հագուստները մինիմալիզմի մեջ են: Սա էլի վերաբերում է և տղամարդկանց, և կանանց հագուստներին: 

Չնայած հիմնականում կանանց մասին ենք խոսում, բայց այդ ունիսեքս հասկացությունը նորաձևության մեջ է և շատ-շատ տենդենցներ գրեթե նույնն են»,-տեղեկացրեց «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրենը:


2014-ի նորաձեւությունն աքեսուարների առումով էլ է բազմազան: Ամեն ոճ իր աքսեսուարներն ունի, բայց նորություն է այն, որ կոշիկների կրունկներն են լայնանում: «Կոպիտ ֆորմայի կոշիկներն են նորաձև դառնում՝ և տափակ, շատ լայն, մեծ պլատֆորմաները, որոնք ճապոնական կոշիկների են նմանվում, կրունկներն էլ շատ ծանր, ծավալուն: Մյուս տենդենցը մի քիչ սրացված ծայրերով կոշիկներն են, ճիշտ է, այն մի քանի տարի առաջվա սուր ծայրերով կոշիկների նման չեն, բայց այդ սրությունը տենդենցի մեջ մտնում է: Կոշիկների մեջ էլ նորաձև են գունային կոնտրաստ համադրությունները: Մի կոշիկի մեջ կարող է երեք գույնի համադրություն լինել»,-ասաց Կարինե Դնոյանը:


Ըստ նրա՝ պայուսակներից նորաձև կլինեն միջին ծավալի պայուսակները՝ ոչ շատ մեծ, ոչ էլ փոքր, բայց հետաքրքիր ֆորմաների և ավելի կոպիտ կաշվից: Այս տարի տարբեր գործվածքներ են նորաձև, ժանյակավոր կտորներն արդեն քանի սեզոն է նորաձևության մեջ են, նորաձև կլինեն նաև զոլավոր, թափանցիկ կտորները, թափանցիկ կտորների համադրությունները ուրիշ կտորների, այդ թվում կաշվի հետ և այլն:


Զանի Հարոյան

Նույն շարքից