Blockchain հավելվածը, որը համարվում էր ամենամեծ ժողովրդականություն ունեցող ծրագիրը iPhone-ի միջոցով Bitcoin կրիպտոարժույթով «դրամապանակների» կառավարման համար, հեռացվել է App Store առցանց խանութից: Որևէ հստակ պարզաբանում Apple-ը չի ներկայացրել Blockchain-ի ստեղծողներին: Այս մասին Wired պարբերականին հայտնել է Blockchain-ի գլխավոր տնօրեն Նիկոլաս Քերին:
Նրա խոսքով՝ ներկայում Bitcoin-ի ուղարկման և ստացման համար հավելվածն ակտիվորեն կիրառում է 120 հազար մարդ, ընդհանուր առմամբ ընկերության ծառայության լսարանը կազմում է մոտ 1 մլն:
Արդեն ներբեռնված հավելվածները կարող են օգտատերերը շարունակել կիրառել, սակայն թարմացումներ չեն ստանա: Blockchain-ի ստեղծողները նամակ են ստացել Apple-ից, որում ասվում է, որ հավելվածը հեռացվել է «չլուծված խնդրի» պատճառով:
Blockchain-ի ստեղծողները կարծում են, որ ընկերությունը պարզապես վախենում է ապագա մրցակցությունից: Վերջին շրջանում տեղեկություններ են պտտվում, որ ամերիկյան կորպորացիան ծրագրում է ստեղծել սեփական վճարային համակարգ: