Հասարակություն Մշակույթ 

Բեռլինյան 64-րդ կինոփառատոնը կբացվի Ուես Անդերսոնի ««Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը» ֆիլմի ցուցադրությամբ

analitik.am

Բեռլինյան 64-րդ կինոփառատոնը կբացվի Ուես Անդերսոնի ««Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը» (The Grand Budapest Hotel) ֆիլմի ցուցադրությամբ: Կինոֆորումին, որը կշարունակվի մինչև փետրվարի 17-ը, կցուցադրվի մոտ 400 ֆիլմ, որից 20-ը ներկայացված են մրցութային հիմնական ծրագրում ու կպայքարեն Բեռլինալեի գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արջի» համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Ամեն տարի Բեռլինալեի ֆիլմերը դիտում է մինչև 300 հազար մարդ, ինչը կինոփառատոնը դարձնում է աշխարհում ամենաայցելվողներից մեկը: 

Գլխավոր մրցանակի են հավակնում ամերիկացի Ռիչարդ Լինկլեյտերի «Պատանեկություն» (Boyhood), ֆրանսիացի 91-ամյա կինեմատոգրաֆիստ Ալեն Ռենեի «Սիրել, խմել ու երգել» (Aimer, boire et chanter), ֆրանսիացի կինոռեժիսոր Ռաշիդ Բուշարեբի «Թշնամու ուղին» (La voie de l'ennemi), ճապոնական «Փոքրիկ տուն» (Chiisai Ouchi), ամերիկյան «Բարձունքի վրա » (Aloft) և հույն ռեժիսոր Յանիս Էկոնոմիդեսի Stratos ֆիլմերը: 

Գերմանական կինեմատոգրաֆիան հիմնական մրցութային ծրագրին կներկայացվի 4 ֆիլմով: 

Ժյուրին կգլխավորի պրոդյուսեր Ջեյմս Շամուսը, որը հայտնի է իր «Սապատավոր լեռը» (Brokeback Mountain) աշխատանքով: 

Ժյուրին հաղթողների անունները կհայտարարի փետրվարի 15-ին:

Նույն շարքից