Հասարակություն 

Twitter-ը կբացի արխիվները գիտնականների համար

Twitter միկրոբլոգների ծառայությունը գիտնականներին հասանելիություն կապահովի դեպի ընկերության արխիվներ: Այս մասին տեղեկությունը հայտնվել է սոցցանցի պաշտոնական բլոգում՝ փոխանցում է Lenta.ru-ն:

Twitter Data Grants անվանումը ստացած ծրագրի շրջանակում վերլուծության համար Twitter-ի սերվերներում պահվող օգտատիրական հաղորդագրությունների մասին տվյալներ կստանան մի քանի հետազոտական կազմակերպություններ: Ծրագրին մասնակցելու հայտ կարելի է ներկայացնել մինչև մարտի 15-ը:

Սոցցանցի ներկայացուցիչների խոսքով՝ դեպի տվյալներ հասանելիության բացումը գիտնականներին հնարավություն կտա բազմաթիվ կարևոր գիտական խնդիրներ վերլուծել:

Twitter-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ ծառայության օգնությամբ ամեն օր ուղարկվում է ավելի քան 500 մլն թվիթ: «Տեղեկատվական այդ վիթխարի զանգվածը կարելի է կիրառել ամենատարբեր հետազոտություններում՝ առողջապահական խնդիրների ուսումնասիրումից մինչև Նոր տարվա գալստյան առիթով մարդկանց արձագանքի վերլուծություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Twitter-ը դեպի իր արխիվներ հասանելիությունը բացում է առաջին անգամ: Ավելի վաղ գիտնականները կարող էին աշխատել միայն սոցցանցի՝ համընդհանուր հասանելիություն ունեցող տվյալներով:

Նույն շարքից