Հայաստան Քաղաքական 

Դատարկ շահարկումների փոխարեն, Ադրբեջանը պետք է իր քայլերն ուղղի դեպի կառուցողական մոտեցում.

Երրորդ օրն է, ինչ Ստրասբուրգում իր աշխատանքները շարունակող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ինչպես եվրոպացի, այնպես էլ հայ պատվիրակները հանդես են գալիս Ադրբեջանին ուղղված սուր քննադատական ելույթներով:  ԵԽԽՎ լիագումար նիստում ընթացող` «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների իրագործում» թեմայով բանավեճի ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական ապակողմնորոշիչ հայտարարությունների վրա` ՄԻԵԴ ընդունած վերջին երկու որոշումների առիթով` որակելով այդ հայտարարությունները անպատվաբեր տվյալ երկրի համար:

Մասնավորապես, Հերմինե Նաղդալյանը ասել է. ,2015 թվականի հունիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հանդես եկավ երկու որոշումներով` «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի»: Հարկ եմ համարում անդրադառնալ այս խնդրին, քանի որ դրանից հետո ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից բազմաթիվ շահարկումների, որոնց նպատակն է խեղաթյուրել իրականությունը: Տվյալ իրավիճակում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի առիթով չընդունեց Ադրբեջանի ցանկալի դիրքո րոշումը, ավտորիտար Ադրբեջանի պետական քարոզչությունը՝ առերեսվելով հայկական կողմի հիմնավորված փաստարկներին, սկսեց անել ամեն հնարավորը` իր կամայական մեկնաբանությունները պաշտպանելու համար»:

ԱԺ փոխխոնակը նշել է, որ Ադրբեջանն իրեն բավական ազատ է զգում` Դատարանին վերագրելու այնպիսի դրույթներ, որոնք երբեք չեն օգտագործվել որոշման մեջ` դրանով իսկ ցույց տալով իր անհարգալից վերաբերմունքը Դատարանի և դրա վճիռների, ինչպես նաև` սեփական քաղաքացու` Չիրագովի իրավունքների նկատմամբ: «Սա Բաքվի` շահարկումների քաղաքականության վառ դրսևորում է: Չկա այլ բացատրություն ադրբեջանական հայտարարություններին, թե իբր Դատարանը իր որոշման մեջ «հանձնարարել է պաշտպանել ներքին տեղահանված անձանց հիմնարար իրավունքները», անդրադարձել է «Հայ աստանի կողմից տարածքային պահանջներին» և «հայկական զորքերի դուրսբերմանը՝ որպես հակամարտության կարգավորման պայման»: Անշուշտ, այսպիսի հղումներ, և անգամ նմանատիպ որևէ բան, Դատարանի վճռի մեջ չկան»,- շեշտել է Հերմինե Նաղդալյանը:

Հայ պատվիրակն անհավանական է համարել այն, թե ինչպես մի երկիր, որը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, ոտնահարում Դատարանի բազմաթիվ որոշումներ, չի կատարում վճիռները, որոնք գտնվում են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողության տակ և պահանջում են ժողովրդավարական բարեփոխումներ, կարող է խոսել ՄԻԵԴ-ի որոշումների արժեքի մասին: «Չիրագովին առնչվող որոշմանը զուգահեռ` Դատարանը ընդունել է մեկ ուրիշ վճիռ՝ պաշտպանող Ադրբեջանի կողմից Գյուլիստան գյուղի իր տնից բռնի տեղահանված Սարգսյանի իրավունքները: Երկու գործում էլ դատարանի վճիռները գրեթե կրկնում են միմյանց՝ արձանագրելով Կոնվենցիայով նախատեսված միևնույն իրավունքների խախտումը, ինչով, ըստ իս, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տեղահանված անձանց առնչվող խնդիրները պետք է լուծվեն փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա»,-նշել է պատգամավորը` ավելացնելով, որ փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների հիմնական սկզբու նքներից մեկն է: «Դատարկ շահարկումների փոխարեն, Ադրբեջանը պետք է իր քայլերն ուղղի դեպի կառուցողական մոտեցում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների ընթացք»,- ելույթը եզրափակել է Հերմինե Նաղդալյանը:

Նույն շարքից