Ձմեռային Օլիմպիական խաղերը Սոչիում կմեկնարկեն ուրբաթ՝ անկախ այն հանգամանքից՝ պատրաստ է Ռուսաստանը, թե ոչ. The Washington Post-ի բլոգում գրել են Քեյթլին Դյուն և Մաքս Ֆիշերը։
Նրանց համոզմամբ՝ Ռուսաստանն այնքան էլ պատրաստ չէ խաղերին։
Հեղինակները, որոնց հոդվածը փոխանցում է inopressa.ru-ն, թվարկում են 15 նշան այն մասին, որ մեկնարկը կարող է այնքան էլ հարթ չլինել։
1) Օլիմպիական կրակը մրցավազքի ընթացքում մարել է 44 անգամ, այդ թվում՝ Կրեմլում։
2) «Горки Плаза» հյուրանոցային և տրանսպորտային կենտրոնը՝ նախատեսված հազարավոր այցելուների համար, դեռ անավարտ է։
3) Ոչ ոք չգիտի, թե որքան մասշտաբային է եղել շրջակա միջավայրին հասցված վնասն օլիմպիական օբյեկտների շինարարության ընթացքում. բնապահպանական կազմակերպությունները հայտարարում են իրենց մտավախությունների մասին։
4) Պաշտոնյաների հասցեին բազմաթիվ մեղադրանքներ են հնչում՝ Օլիմպիադային հատկացված գումարների և կոռուպցիայի հետ կապված։
5) Սոչիում մի կին բնակվում է «ալյումինե կրպակում», քանի որ նրա երկհարկանի տունն ավերվել է շինարարական սխալի պատճառով։
6) Հարյուրից ավելի շինարարներ Սերբիայից, նաև Բոսնիա և Հերցեգովինայից, արտաքսվել են՝ չստանալով վարձատրություն աշխատանքի դիմաց։
7) Տեղի է ունենում թափառող շների զանգվածային որս՝ հյուրանոցներից մինչև օլիմպիական օբյեկտներ։

8) Քաղաքական ակտիվիստներին թույլ չեն տալիս մասնակցել միջոցառմանն անգամ որպես հանդիսատես։
9) Սոչին լի է շինարարական աղբով, անավարտ շինություններով, գրում են թղթակիցները։

10) Ահաբեկչական խմբավորումների կողմից սպառնալիքներ են հնչել Օլիմպիադայի հասցեին, ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացրել է այցի վտանգավորության մասին։
11) Մարզիկները պնդում են, որ սնոուբորդի ճանապարհը չափազանց վտանգավոր է, և նորվեգացի Տորստեն Հորգմոն Սոչիում մարզվելու ընթացքում արդեն կոտրել է անրակը։
12) Ինտերնետ հանրության շրջանում Սոչիի խաղերի հանդեպ ձևավորվել է բացասական վերաբերմունք, և Twitter-ում @SochiProblems անվանումով հաշիվն արդեն 11 հազար հետևորդ ունի։
13) Լրագրողները Twitter-ում հաղորդում են ինչպես ծիծաղելի, այնպես էլ լուրջ իրավիճակների մասին՝ կապված հյուրանոցների հետ. ոմանք զգուշացրել են, որ խողովակներից հոսող ջուրը չափազանց կեղտոտ է։
14) Հյուրանոցներից մեկը հատակ չունի, սակայն ունի Վլադիմիր Պուտինի դիմանկարը։
15) Ռուս պաշտոնյաները լիովին չեն վերահսկում իրավիճակը։ CNN-ի պրոդյուսերներից մեկի Twitter-ում ծովափին արված լուսանկարի տակի գրառմանն այն մասին, թե կարելի՞ է հավատալ, որ այստեղ Ձմեռային օլիմպիական խաղեր են անցկացվելու, Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոն կոչ է արել նայել լեռներին և «հավատալ»։ Ինչ վերաբերում է հյուրանոցների հետ կապված պրոդյուսերի բողոքին, ապա ռուս պաշտոնյան ներողություն է խնդրել պատճառված անհարմարության համար։


