Գիտնականները MRO (Mars Reconnaissance Orbiter) զոնդի բարձր ճշգրտության տեսախցիկի օգնությամբ նկարահանել են 2010-2012 թվականներին Մարսի վրա հայտնված խառնարանը, ասված է ՆԱՍԱ-ի հաղորդագրության մեջ:
Ինչպես գրում է ruvr.ru-ն, նկարում երևում է 30 մետր տրամագծով խառնարանը: Հարվածը, որի հետևանքով այն առաջացել է, մակերևույթի փշրված մասերը շպրտել է 15 կմ հեռու: Խառնարանը կապույտ գույնի է, քանի որ հարվածը ցրել է կարմրավուն փոշին:
Խառնարանը գտնվում է Մարսի հյուսիսային լայնության 3.7 և արևելյան երկարության 53.4 աստիճաններում: MRO զոնդը սև-սպիտակ տեսախցիկի միջոցով երկու անգամ՝ 2010 թվականի հուլիսին և 2012 թվականի մայիսին, նկարել է մոլորակի մակերևույթի այդ հատվածը:
Առաջին լուսանկարում խառնարանը չկա, իսկ երկրորդում արդեն հայտնվել է: Նկատելով՝ գիտնականները 2013 թվականի նոյեմբերի 19-ին այն նկարահանել են HiRISE բարձր ճշգրտության տեսախցիկի միջոցով: Այս տեսախցիկը Մարսի վրա նկարահանումներ է կատարում 2006 թվականից: